Երեւանի քաղաքապետարանի վերահսկողության վարչությունն այն օղակն է, որի առաջնահերթություններից մեկն էլ պետք է լինի թերացումները վերհանելը: Այս մասին, այսօր՝ մարտի 16-ին, Երեւանի քաղաքապետարանում կայացած խորհրդակցության ժամանակ նշել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

«Եղեք ավելի ուշադիր եւ տարբեր օղակներում նկատված թերացումները ներկայացրեք պատասխանատուներին, որ աշխատանքներ տանեն դրանց շտկման ու վերացման ուղղությամբ: Մեր թերություններն առաջինը մենք պետք է վերհանենք ու շտկենք, ոչ թե սպասենք, որ մեկ ուրիշն այն նկատի եւ մատնացույց անի»,- ընդգծել է քաղաքապետը:

Գոհունակություն հայտնելով մանկապարտեզներում սննդի որակի եւ պահպանման պայմանների ուղղությամբ վարչության կողմից իրականացվող մշտական հսկողության արդյունքներից՝ Տարոն Մարգարյանը հանձնարարել է ուսումնասիրել նաեւ մայրաքաղաքի ներառական կրթության եւ գիշերօթիկ դպրոցներ մատակարարվող սննդի որակը: Բացի այդ, քաղաքապետը հանձնարարել է վերահսկել նաեւ մանկապարտեզներում հերթագրման էլեկտրոնային համակարգի արդյունավետ աշխատանքի ապահովումը:

«Այս մասով եղեք հետեւողական եւ ուշադիր, որ իրենց հերթին սպասող բոլոր երեխաները ճիշտ ժամանակին ընդունվեն մանկապարտեզ» ,- նշել է քաղաքապետը:

Անդրադառնալով համատիրությունների աշխատանքին՝ Տարոն Մարգարյանը հանձնարարել է ուսումնասիրություններ սկսել նաեւ դրանց գործունեության ուղղությամբ:

«Համատիրությունների աշխատանքը պետք է լինի թափանցիկ եւ վերահսկելի: Սա այն օղակն է, որ մշտական կապի մեջ է բնակչության հետ եւ պարտավոր է հաշվետու լինել մեր համաքաղաքացիներին: Մանրակրկիտ ուսումնասիրեք համատիրությունների գործունեությունն ու վերհանեք բոլոր այն թերացումները, որոնք առկա են այդ կառույցների աշխատանքում»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը:

Բնակիչների դիմում-բողոքների ուսումնասիրման աշխատանքների մասով էլ քաղաքապետը հանձնարարել է դրանցում բարձրացվող խնդիրները դասակարգել ըստ ոլորտների, ինչը հնարավորություն կտա առավել հստակ պատկերացնել, թե հատկապես որ ոլորտների աշխատանքներում կա թերացումների վերացման առաջնահերթ անհրաժեշտություն:

«Քաղաքապետարանի եւ վարչական շրջանների թեժ գծերով բնակիչների կողմից ստացվող ահազանգերի հետ կապված շարունակեք հետեւողական հսկողությունն ու հետեւեք, որ բարձրացվող խնդիրներն անպայման լուծում ստանան: Նաեւ ըստ ոլորտների դասակարգեք բարձրացվող խնդիրները, քանի որ դա գործնականում կնպաստի, որ տեսնենք, թե հատկապես որ օղակներում ունենք բացեր, որոնք անհրաժեշտ է արագ շտկել»,- ընդգծել է քաղաքապետը:

Ամփոփելով վարչության 2015թ. հաշվետվությունը՝ քաղաքապետը դրական է գնահատել կատարված աշխատանքները: