«Հայկական վերածնունդ» կուսակցությունը Թալին քաղաքապետի ընտրություններին որոշել է առաջադրել կուսակցության անդամ Գուրգեն Հայկազի Գրիգորյանի թեկնածությունը:
«Հայկական վերածնունդ» կուսակցության տարածած հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասվում է.
«Մարտի 15-ին տեղի է ունեցել «Հայկական վերածնունդ» կուսակցության կառավարման խորհրդի նիստը, որը վարել է ՀՎԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը:
Նիստում քննարկվել են ս.թ. ապրիլի 17-ին Արագածոտնի մարզի Թալին քաղաքի համայնքի ղեկավարի ընտրություններին վերաբերող հարցեր:
Կառավարման խորհուրդը որոշում է կայացրել մասնակցել Թալին քաղաքի համայնքի ղեկավարի ընտրություններին՝ քաղաքապետի թեկնածու առաջադրելով «Հայկական վերածնունդ» կուսակցության անդամ Գուրգեն Հայկազի Գրիգորյանին:
«Հայկական վերածնունդ» կուսակցությունն իր հանձնառությունն է արտահայտում Թալինի քաղաքապետի ընտրությունները ազատ, արդար եւ թափանցիկ անցկացնելու գործում` այս հարցով համագործակցության կոչ անելով խնդրով շահագրգիռ քաղաքական ուժերին, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին, դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպություններին, ԶԼՄ-ներին եւ անհատներին:
«Հայկական վերածնունդ» կուսակցության կառավարման խորհրդի նիստում քննարկվել են նաեւ Հայաստանի ներքին եւ արտաքին քաղաքական օրակարգին, ինչպես նաեւ կուսակցության կազմակերպչական խնդիրներին վերաբերող հարցեր»:





























