ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը գրությամբ դիմել է ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանին, առաջարկելով Հրազդանի քաղաքապետի ընտրությունների ժամանակ ընտրատեղամասերում ՀԱԿ խմբակցության կողմից ընտրական հանձնաժողովների անդամ նշանակել Սասուն Միքայելյանի կողմից առաջադրված անձանց:

Նիկոլ Փաշինյանի դիմումում, մասնավորապես, ասվում է.

«ՀՀ Ընտրական օրենսգրքի 42-րդ հոդվածը սահմանում է, որ տեղամասային ընտրական հանձնաժողովներում մեկական անդամ նշանակում են ԱԺ-ում խմբակցություն ունեցող կուսակցությունները կամ կուսակցությունների դաշինքները: Ինչպես տեղյակ եք,  «Հայ ազգային կոնգրես» նախընտրական դաշինքի համամասնական ցուցակում ընդգրկված Սասուն Միքայելյանը մտադիր է համայնքի ղեկավարի թեկնածու առաջադրվել ապրիլի 17-ին Հրազդանում կայանալիք ընտրություններում:

Հաշվի առնելով, որ՝

«Հայ ազգային կոնգրեսը» ոչ թե կուսակցության, այլ կուսակցությունների դաշինքների կողմից ձեւավորված խմբակցություն է:

Անուրանալի է «Հայ ազգային կոնգրես» նախընտրական դաշինքի համամասնական ցուցակի 13-րդ համարը հանդիսացող Սասուն Միքայելյանի դերը «Հայ ազգային կոնգրես» խորհրդարանական խմբակցության ձեւավորման գործում:

«Հայ ազգային կոնգրես» խմբակցության անդամ հանդիսացող պատգամավորներ Հրանտ Բագրատյանը, Լյուդիմիլա Սարգսյանը, Ստեփան Դեմիրճյանը, Նիկոլ Փաշինյանը կողմ են այդ որոշմանը,

Միջնորդում եմ Հրզդանի քաղաքապետի ընտրությունների կազմակերպման համար ձեւավորվող թվով 28 ընտրատեղամասերում (25-րդ ընտրատարածք) «Հայ ազգային կոնգրես» խմբակցության կողմից ընտրական հանձնաժողովների անդամ նշանակել Սասուն Միքայելյանի կողմից առաջադրված անձանց, որոնք ունեն ընտրական հանձնաժողովներում ընդգրկվելու համար անհրաժեշտ որակավորում եւ դա հավաստող վկայականներ»:

Այսօր՝ մարտի 16-ին, ԱԺ-ում ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը այս առնչությամբ լրագրողներին հայտնել է, որ նամակն ստացել է: «Մենք ունենք դիրքորոշում եւ Ձեզ հուզող հարցերի պատասխանը դուք այսօր կստանաք»,-ասել է նա: