Տավուշի մարզի Մովսես գյուղում 2015թ. սեպտեմբերի 18-ին Բերդի տարածաշրջանի զինկոմ Դերենիկ Պապյանի սպանության գործով նախաքննությունն ավարտվել է եւ գործն ուղարկվել դատարան: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ Դատական տեղեկատվական համակարգից:

Ըստ մեղադրական եզրակացության՝ Արթուր Մկրտումյանը սեպտեմբերի 18-ին ժամը 22:00-ի սահմաններում Տավուշի մարզի Մովսես գյուղի գյուղամիջյան ճանապարհին՝ գյուղապետարանի վարչական շենքից 100 մ հեռավորությամբ, իրեն ծեծի ենթարկելու և հայհոյանք տալու հանգամանքից վիրավորված լինելու պատճառով որսորդական հրացանով կրակ է արձակել նույն գյուղի բնակիչ Դերենիկ Պապյանի պարանոցի առաջային երեսի ուղղությամբ: Պապյանը ստացած հրազենային վնասվածքներից մահացել է:

Արթուր Մկրտումյանին մեղադրանք էր առաջադրվել Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով: Նա կալանավորված է:

Գործը քննվում է Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանում: