Հանրապետության հովտային հատվածներում առաջիկա երեք օրերին գիշերը ցրտահարություն է սպասվում: Այս մասին այսօր՝ մարտի 16-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերեւութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը:
«Առաջիկայում ակնկալվում է, որ ամպամածությունը կնոսրանա, կբերի ջերմաստիճանի լրացուցիչ անկման: Նման պայմաններում այսօր գիշեր Տավուշի եւ Սյունիքի հովտային հատվածներում, Արարատյան դաշտում ակնկալվում է օդում մինչեւ 2 աստիճան ցուրտ»,- ասաց Գագիկ Սուրենյանը:
Գագիկ Սուրենյանը նշեց, որ մարտի 17-ի լույս 18-ի գիշերը անտիցիկլոն է մոտենում հանրապետությանը, կանխատեսվում է, որ այդ գիշեր օդի ջերմաստիճանի նվազումը կշարունակվի, Տավուշի եւ Սյունիքի հովտային հատվածներում, ինչպես նաեւ Արարատյան դաշտում օդում կլինի մինչեւ 2-ից 4 աստիճան ցուրտ, գետնին՝ 2-ից 5: Նա նշեց, որ 19-ի գիշերը այս ջերմաստիճանը կպահպանվի:
Թե որքան ինտենիսիվ կլինի ցրտահարությունը, կախված է ամպամածության պատկերից:




























