ՀՀ ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայող Ա. Թ.-ն հայտնել է, որ 2016 թվականի փետրվարի 16-ին` ժամը 18:00-ի սահմաններում, ծառայություն իրականացնելիս նկատել է քաղաքացու, ով փողոցում աղմկել եւ հայհոյանքներ է հնչեցրել, ինքը մոտեցել է քաղաքացուն եւ պահանջել դադարեցնել խախտել հասարակական կարգը, սակայն վերջինս չի ենթարկվել իր օրինական պահանջին: Իր կանչով դեպքի վայր են ժամանել ոստիկանության այլ աշխատակիցներ եւ քաղաքացուն բերման են ենթարկել ոստիկանության Մաշտոցի բաժին, որտեղ նա շարունակել է չենթարկվել ոստիկանների օրինական պահանջներին, բռունցքով հարվածներ է հասցրել ոստիկանության ծառայողին, կոտրել է հերթապահ մասի խցի դուռը:
ՀՔԾ-ից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցված քրեական գործով` իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու եւ խուլիգանություն կատարելու համար քաղաքացի Կամո Հ.-ին մեղադրանք է առաջադրվել եւ նրա նկատմամբ, դատարանի որոշմամբ, որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:
Այնուհետեւ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու եւ խուլիգանություն կատարելու մեջ մեղադրվող, ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավոր Կամո Հ.-ն, նախազգուշացված լինելով սուտ մատնություն կատարելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին, հայտնել է ՀՀ ոստիկանության Մաշտոցի բաժնի աշխատակիցների կողմից առերեւույթ բռնության գործադրմամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու վերաբերյալ տվյալներ:
ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավոր Կամո Հ.-ի հաղորդման հիման վրա՝ ՀՀ ոստիկանության Մաշտոցի բաժնի աշխատակիցների կողմից բռնության գործադրմամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Կատարվում է նախաքննություն:



























