Գյուղատնտեսության նախարարությունը այգեգործներին հորդորում է առաջիկա գիշերներին ցրտահարությունից խուսափելու համար ծխակույտեր պատրաստել:

«Այս տարբերակը որոշակի դժվարություններ է պարունակում, բայց կիրառելի է, պետք է պարզապես ճիշտ կատարել ծխակույտերի պատրաստումը եւ ծխեցումը»,- այսօր՝ մարտի 16-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Գառնիկ Պետրոսյանը:

«Շատ հաճախ երեկոյան ժամերին, երբ դեռ դրական ջերմաստիճաններ են, մենք նկատում ենք, որ առանձին տեղերում մնացորդները այրել են, դրանք բոցավառվում են: Այդպես չէ, այդ ծխակույտերը պետք է ծխեցնել, երբ արդեն ջերմաստիճանը սկսում է մոտենալ 0 աստիճանի, ինչը կարող է տեղի ունենալ գիշերվա ժամը 3-ից 7-ը: Պետք է թույլ չտալ, որ դրանք բոցավառվեն, ավելի դյուրավառ կույտերը պետք է ծածկել թաց մնացորդներով, նաեւ հողով, ու ծուխ առաջացնել»,-ընդգծել է նա:

Գառնիկ Պետրոսյանն այգեգործներին խորհուրդ տվեց հատկապես 18-ի եւ 19-ի գիշերը այգիները նաեւ ոռոգել, եթե դրա հնարավորությունը կա: Նա խորհուրդ տվեց  նաեւ ծխատուփեր պատրաստել:

Գառնիկ Պետրոսյանը չբացառեց, որ եղանակի պարզեցման հետեւանքով կանխատեսվածից ավելի ցուրտ կլինի ու միգուցե հնարավոր չլինի փրկել ծաղկած ծիրանենիները, հույս հայտնելով, որ եղանակային կանխատեսումները ամբողջությամբ չեն իրականանա ու մեղմ եղանակ կլինի:

Նշենք, որ ցրտահարություն է սպասվում առաջիկա երեք օրերին: Հայհիդրոմետի կանխատեսմամբ  ամպամածությունը կնոսրանա, ինչը կբերի ջերմաստիճանի լրացուցիչ անկման:

Գյուղնախարարությունում այս օրերին շուրջօրյա թեժ գիծ կգործի 055 54 19 68 հեռախոսահամարով: