ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Մարգարյանը համագործակցելու է ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանի ստեղծելիք կուսակցության հետ:

«Ես համագործակցելու եմ կուսակցության հետ, եթե գնալու ենք հարցերը լուծելու ճանապարհով, ոչ թե թշնամիներ հայտարարելով»,- այս մասին, այսօր՝ մարտի 16-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշել է Ստեփան Մարգարյանը:

Հարցին, թե ի՞նչ ուղղվածություն է ունենալու նորաստեղծ կուսակցությունը, արդյոք դնելու է իշխանափոխության պահանջ, Մարգարյանը պատասխանեց. «Նորաստեղծ կուսակցությունը դնելու է հարցեր լուծելու պահանջ, մարտահրավերներին դիմագրավելու պահանջ, թե հաջորդը ինչպիսին կլինի, կուսակցությունը դեռ չկա, որ պարզ լինի»: Նրա խոսքով, իրենք կողմնակից են ցանկացած ուժի հետ համագործակցությանը, լինի արմատական ընդդիմություն, թե իշխանություն, եթե նրանք կողմ կլինեն իրենց առաջադրած հարցերի լուծմանը:

Ինչ վերաբերում է հարցին, թե արդյոք կուսակցության ստեղծումը երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի անվան հետ կապելը չի խանգարի հետագա գործունեությանը, Ստեփան Մարգարյանն արձագանքեց. «Մարդ կա կարող է ասել՝ վատ է, որ նա կա, մարդ կա, կարող է ասել՝ ինչ լավ է: Ես դժվարանում եմ պատասխանել քանիսն են այդպիսիք: Ինձ հետ կապված էլ կարող են նույնը ասել: Եթե կուսակցության իմիջը, հաջողությունները կախված են լինելու անձից, ով էլ որ նա լինի, ապա այդ կուսակցությունը լավ կուսակցություն չի»: