Հայաստանում այս պահին շուրջ 30.000 մարդ կա, որ գտնվում է ՌԴ մուտքի արգելքի տակ: Այս մասին այսօր` մարտի 16-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց միգրացիոն խնդիրներով զբաղվող «Վերադարձ եւ պաշտպանություն» սոցիալ-իրավական ՀԿ նախագահ Տաթեւիկ Բեժանյանը՝ հավելելով, որ 2014-2015թթ ՌԴ միգրացիոն օրենսդրության փոփոխությունները լուրջ  ազդեցություն են ունեցել մեր միգրացիոն իրավիճակի վրա:

Նրա խոսքով` 2014թ. ՌԴ միգրացիոն օրենսդրության փոփոխությունների հետեւանքով Հայաստան վերադարձած աշխատանքային միգրանտների մի ստվար զանգված չկարողացավ կրկին մեկնել արտագնա աշխատանքի, քանի որ օրենսդրությունը խստացվեց, եւ այն մարդիկ, որոնք ՌԴ-ում ունեին որեւէ խախտում, հայտնվեցին մուտքի արգելքի տակ:

«Մի քանի գերատեսչությունների` ճանապարհատրանսպորտային վարչության կողմից արձանագրված խախտումների, հեռահաղորդակցության, կապի ընկերություններին ունեցած  պարտքերը չմուծելու դեպքում, այս գերատեսչությունները կարող են մուտքի արգելքի տակ դնել միգրանտին, եւ վերջինը չի կարող որոշակի ժամանակահատված մուտք գործել ՌԴ: Հայաստանում  ներկայումս շուրջ 30.000 մարդ կա, որ գտնվում է մուտքի արգելքի տակ»,- ասաց Տաթեւիկ Բեժանյանը:

Վերջինի խոսքով` մի կողմից խստացվեց առանց աշխատանքային պայմանագրի ՌԴ-ում մնալու կարգը, մյուս կողմից` աշխատանքային պայմանագիր կնքող եւ ՌԴ-ում օրիանական գտնվող ՀՀ քաղաքացիներին հնարավորություն տրվեց ՌԴ-ում ապրել եւ աշխատել առանց պատենտի` արտոնագրի:

«Եթե մինչեւ 2014թ մեր քաղաքացիները 1 տարվա ընթացքում առնվազն 2 անգամ հատելով սահմանը վերադառնում էին ՌԴ եւ շարունակում մնալ ՌԴ-ում, ապա հիմա 180 օրվա ընթացքում նրանք կարող են առավելագույնը 90 օր գտնվել ՌԴ-ի  տարածքում` եթե չունեն աշխատանքային պայմանագիր:  ԵՏՄ-ին անդամակցելուց հետո ՌԴ-ում աշխատելու համար մեր քաղաքացինեն ազատվեցին ռուսաց լեզվի, Ռուսաստանի պատմության եւ օրենսդրությանը վերաբերող քննություններ հանձնելու գործընթացից:  Սա, իհարկե, հեշտացրեց մեր միգրատների կյանքը ՌԴ-ում»,- ասաց Տաթեւիկ Բեժանյանը:

ՀԿ նախագահը նշեց, որ ԵՏՄ անդամակցությունից հետո հայ միգրանտները ՌԴ-ում  գրեթե նույն աշխատանքային իրավունքներն ունեն, ինչ ՌԴ քաղաքացիները: Խոսքը, վերաբերում է մասնավորապես, միգրատների երեխաներին նախադպրոցական ուսումնական հաստատություններ ընդունելու կարգի հեշտացմանը:

«Մինչ այդ փոփոխությունները` միգրատները պետք  է սպասեին, որ ՌԴ քաղաքացիների երեխաներին ընդունեին, եթե տեղ կլիներ, կընդունեին նաեւ օտարերկրյա քաղաքացիների երեխաներին: Այժմ մեր քաղաքացիներն, ովքեր ունեն աշխատանքային պայմանագիր եւ օրինական են գտնվում ՌԴ-ում, հավասար իրավունքներով կարող են իրենց երեխաներին ընդունել ՆՈՒՀ-եր»,- նշեց տաթեւիկ Բեժանյանը: