Արարատի մարզի Մխչյան գյուղում այգեգործներն արդեն 3 օր է՝ նախապատրաստվում են առաջիկա օրերին սպասվող ցրտահարությանը: Գյուղացիներից Համբարձում Կրպեյանը NEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ ծիրանենիները ցրտից պաշտպանելու համար այգիներում արդեն վառելիքի կույտեր են հավաքել, որոնք գիշերը կծխահարեն:
«Փող ենք տվել, վառելիք ենք բերել, կուչկա-կուչկա ենք արել, սպասում են՝ տեսնենք՝ ինչ կլինի: Միակ ձեւը ծխահարումն է, որ կարող ենք անել, ուրիշ ելք չկա: Տանջվում, չարչարվում ենք, վերջում չարչարանքը ջուրն է ընկնում»,- ասաց Համբարձում Կրպեյանը:
Այգեգործը նշեց, որ չհաշված նախորդ տարվա ծախսերը, այս տարի արդեն 100 հազար դրամ գումար են ծախսել այգիների վրա:
«Եթե հանկարծ ցուրտը տանի, մենք լրիվ տակ ենք տալու: Վարկեր ենք վերցրել, բուժումներ ենք արել, էտել ենք տվել, ներկել ենք, կիր ենք քսել: Ոռոգման գումարը հեկտարը 25 հազար ա, ամսական երեք անգամ ոռոգել ենք այգիները»,- ասաց նա՝ նշելով, որ այգիների բերքից կախված է իրենց ամբողջ տարվա եկամուտը:
Հիշեցնենք, որ այգեգործները 2014թ. ցրտահարության հետեւանքով կորցրել էին ծիրանի ամբողջ բերքը: Նրանց չէր գոհացրել պետությունից որպես օգնություն ստացած՝ 450 գրամ պոմիդորի, վարունգի, ձմերուկի սերմերը:
Նշենք, որ առաջիկա երեք օրերին Տավուշի, Սյունիքի մարզի հովտային հատվածներում, ինչպես նաեւ Արարատյան դաշտում սպասվում է ցրտահարություն: Ջերմաստիճանը գիշերը կհասնի մինչեւ -5 աստիճանի:



























