Զարմանալի է, թե նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանն ինչու է նոր կուսակցություն հիմնում, մինչդեռ կարող էր գործունեություն ծավալել ԲՀԿ-ում: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:
«Ես զարմանում եմ` ինչու են նոր կուսակցություն բացում, հենա կուսակցություն կար, թող ԲՀԿ-ում ծավալեին գործունեությունը: Եթե նորն են բացում, կբացեն, ծրագիրը կկարդանք, տեսնենք` ինչն է փոխվում»,-ասաց նա:
ՀՀԿ խմբակցության ղեկավարը դժվարացավ նշել` դեռ չստեղծված կուսակցությունը ներկայացվածություն կունենա հաջորդ խորհրդարանում, թե ոչ: «Մենք ողջունում ենք բոլոր նմանատիպ քաղաքական ուժերի ձեւավորումը եւ կցանկանանք, որ ընդդիմադիր դաշտում լինի ուժեղ, կառուցողական ընդդիմություն եւ եթե այս նոր ուժը կնպաստի դրան, մենք միայն ուրախ կլինենք»,-ընդգծեց Բաղդասարյանը:
Անդրադառնալով Վարդան Օսկանյանի այն հայտարարությանը,որ Մարտի 1-ի պատասխանատվությունը կրում է այդ ժամանակվա իշխանությունը, Վահրամ Բաղդասարյանը նշեց. «Այն ժամանակ իշխանությո՞ւն էր Օսկանյանը, թե ոչ: Բնականաբար, եթե ինչ-որ դեպք է կատարվում, այդ իշխանությունը պատասխանատվություն է կրում այդ դեպքի համար: Ոչ ոք չի ժխտել այդ փաստը, ինքն էլ չի կարող ժխտել: Պետք է լինեն պատժվողներ եւ բնականաբար, թերացումներ են եղել, որ եղել է նման դեպք»:
Իսկ ինչու հաջորդ իշխանությունը չբացահայտեց Մարտի 1-ը հարցին էլ արձագանքեց. «Իրավապահներին, մասնագետներին դիմեք: Եթե կլինեն քաղաքական մոտիվներ, մենք կպատասխանենք, բայց դա զուտ իրավական խնդիր է, իրավապահներին է պետք դիմել»:





























