Չնայած ԵՏՄ-ին անդամակցումից հետո բավականին հեշտացվեց հայ միգրանտների` ՌԴ-ում օրինական աշխատելու եւ այնտեղ գտնվելու կարգը, այնուամենայնիվ, նրանք շարունակում են մնալ անօգնական վիճակում: Այս մաիսն NEWS.am-ի հետ զրույցում ասաց միգրացիոն խնդիրներով զբաղվող «Վերադարձ եւ պաշտպանություն» ՀԿ նախագահ Տաթեւիկ Բեժանյանը`նշելով, որ որ չկա որեւէ կառույց, որը կարող է օտար երկրում աջակցել հայ միգրանտներին այս կամ այն խնդրին բախվելիս:
«Ճիշտ է` ՌԴ-ում ունենք դեսպանություն եւ հյուպատոսություններ, բայց հսկայական Ռուսաստանի համար դրանք շատ քիչ են: Բազմաթիվ անգամ մենք ականատես ենք եղել, որ դժբախտ պատահարների հետեւանքով մեր քաղաքացիները կամ դատական պրոցեսների մեջ են հայտնվում, կամ մահանում են ու նրանց ընտանիքները մնում են անտեր: Երբեմն անգամ դիակը չեն կարողանում բերել հայրենիք»,- ասաց Տաթեւիկ Բեժանյանը:
Նա նշեց, որ հաճախ հայ միգրանտները ամիսներ շարունակ այլ երկրում աշխատելուց հետո հայրենիք են վերադառնում ձեռնունայն` իրենց հետ բերելով միայն գործատուի խոստումը` «Գնա Հայաստան, գումարդ կուղարկեմ»: Տաթեւիկ Բեժանյանի նկատեց, որ այս դեպքում եւս որեւէ կառույց չի կարող վերահսկել գործատուի անօրինական գործողությունները:
«Քանի որ մեր երկրում եւ մեր օրենսդրությամբ չեն կնքվում աշխատանքային այդ պայմանագրերը, եւ եթե գործատուներն էլ անգամ հայեր են, ապա այլ երկրի քաղաքացիներ են, ցավոք, այս պահին որեւէ մեխանիզմ չկա նրանց վերահսկելու եւ մեր քաղաքացիներին աջակցելու, որ ստանան իրենց աշխատավարձերը: Իսկ այդպիսիք քիչ չեն»,- ասաց նա:



























