Տեսախցիկներից ստացվող միլիարդավոր դրամները գնում են անհայտ ընկերության գրպանը։ Այս մասին մարտի 16-ին խորհրդարանում ասել է պատգամավոր Նիկոլ Փաշինյանը։
Նա նշել է, որ տեսախցիկները ավելի ու ավելի շատ ավտովթարներ են արձանագրում, սակայն դրանից ո՛չ վթարները, ո՛չ տուժածները չեն պակասում՝ ի հեճուկս իշխանությունների վստահեցումների։ Պատգամավորի հարցմանն ի պատասխան ուղարկած Կառավարության տվյալների համաձայն՝ մեկ տարում վթարների թիվը 16 տոկոսով աճել է, իսկ 2015թ.-ին, ի համեմատ 2012թ.-ի., այդ թիվն աճել է 123 տոկոսով։

Չի կարելի դրան հակադարձել, թե «որքան շատ են մեքենաները, այնքան շատ են վթարները», քանի որ մեքենաների ներմուծման ծավալները նման տեմպերով չեն աճում։ Արդյունքում 2015թ.  ավտովթարներից տուժել է 5084 մարդ, ինչը 71 տոկոսով ավելին է, քան 2011թ.։ «2012թ.-ից ՀՀ քաղաքացիները 38 մլրդ դրամ տուգանք են վճարել։ Եթե տեսախցիկներ չլինեին, նրանք 30 մլրդ դրամ պակաս կվճարեին։ Այդ միջոցների կեսը փոխանցվում է «Սեքյուրիթի Դրիմ» ՍՊԸ-ին, որը, համաձայն, շշուկների,  կապ ունի Սերժ Սարգսյանի ընտանիքի հետ»,- ասել է Փաշինյանը։