82 տարեկանում կյանքից հեռացել է դիրիժոր, ՀՀ արվեստի վաստակավոր գորժիչ Վիլեն Վարդգեսի Չարչօղլյանը: Այս մասին հաղորդում է Ալ.Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժինը:
1958 թվականին ավարտելով Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան՝ Վ. Չարչօղլյանն աշխատանքի է անցել Ալ.Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում՝ որպես սիմֆոնիկ նվագախմբի կոնցերտմայստեր: 1982 թվականից նույն թատրոնում աշխատել է որպես դիրիժոր: Մեծանուն դիրիժորը տարիներ շարունակ ղեկավարել է թատրոնի խաղացանկային ներկայացումները, մասնակցել ռադիոյի եւ հեռուստատեսության համար կատարված ձայնագրություններին:
Վ. Չարչօղլյանի գլխավորությամբ սիմֆոնիկ նվագախմբի մենակատարների խումբը մեծ հաջողությամբ հանդես է եկել ԱՄՆ-ում, Կանադայում, Սիրիայում, Լիբանանում եւ այլ երկրներում: Երկար տարիներ նա աշխատել է նաեւ Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում՝ որպես գլխավոր դիրիժոր: Անվանի դիրիժորը տասնամյակներ շարունակ իր մասնագիտական հմտություններն է փոխանցել նաեւ երիտասարդ երաժիշտներին՝ նպաստելով հայկական, ինչպես նաեւ համաշխարհային դասական երաժշտարվեստի զարգացմանն ու հանրահռչակմանը:




























