Մոսկվայում թույլատրել են ձերբակալել Ռուսաստանի մշակույթի փոխնախարար Գրիգորի Փիրումովին, որին կասկածում են մշակութային ժառանգության օբյեկտների վերականգնման համար հատկացված բյուջետային միջոցների հափշտակման մեջ:

«Դատարանը վճռել է բավարարել հետաքննության միջնորդությունը եւ Փիրումովի նկատմամբ կալանք կիրառել՝ մինչեւ մայիսի 10-ը»,- հայտարարել է դատավոր Մարգարիտա Կոտովան:

Ըստ ՏԱՍՍ-ի, դատական նիստի ընթացքում քննիչը հայտարարել է, որ հետաքննությունը հիմքեր ունի ենթադրելու, որ նա կարող է թաքնվել՝ օգտագործելով իր դիրքը, ինչպես նաեւ ճնշում գործադրել վկաների վրա:

Իր հերթին դատախազը նշել է, որ գործը հարուցվել է օրինական հիմքով եւ հաշվի է առնվել կասկածյալի սոցիալական կարգավիճակը, ինչի կապակցությամբ հետաքննության միջնորդությունը ենթակա է բավարարման: