Որցաձորի կենդանիների վերականգնման կենտրոնում մարտի 10-ին առյուծի կողմից հարձակման ենթարկված 43-ամյա Արտյոմ Ավետիսյանն ապաքինվում է:

NEWS.am-ի հետ զրույցում Արտյոմը պատմեց, որ արդեն առանց դժվարությամբ քայլում է, շարժում է վնասված ձեռքի երեք մատները, վերքերն էլ լավանում են:

«Սկզբի մի քանի օրը գլխապտույտ էի ունենում, չէի քայլում: Հիմա արդեն քայլում եմ, վերքերս լավանում են: Երեւի արդեն մի քանի օրից դուրս կգրվեմ»,-ասաց առյուծի հարձակումից տուժած Արտյոմ Ավետիսյանը:

Արտյոմը, բժիշկների խոսքով, դեռ 8-9 ամիս բուժում պետք է ստանա՝ լիովին ապաքինվելու համար։ Նա դեռ Երեւանի «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոցում է, վիրահատվել է, վիճակը կայուն է, տրամադրությունը՝ բարձր:

Ավելի վաղ NEWS.am-ի հետ զրույցում Արտյոմը պատմել էր, որ մարտի 10-ին ընկերների հետ Խոսրովի անտառում ուտել-խմելուց հետո, որոշել էր գնալ Ուրցաձորի կենդանիների վերականգնողական կենտրոն, «սիրել» փետրվարի 10-ին Գյումրիի մինի կենդանաբանական այգու 3 առյուծներից մեկին: Առյուծը Արտյոմին սխալ էր հասկացել, եւ ճանկել էր նրա աջ ձեռքը: Առյուծի ճանկերից նրան ազատել էր օգնության հասած պահակը, շեղել էր առյուծի ուշադրությունը, ինչից հետո Արտյոմին տեղափոխել էին հիվանդանոց: