Ոստիկանությունը կեղծ եւ առանց ակցիզային դրոշմապիտակի կոնյակ իրացնելու դեպք է բացահայտել: Բացահայտումը կատարել են Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության Կոռուպցիայի եւ տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության աշխատակիցները:
Գերատեսչության մամուլի ծառայության փոխանցմամբ, օպերատիվ տվյալներ էին ստացվել, որ ֆրանսիական արտադրության «Հենեսի» տեսակի կոնյակ է իրացվում, որն ակցիզավորված է Ռուսաստանի Դաշնության կեղծ ակցիզներով:
Ոստիկանության Արարատի մարզային վարչության եւ Արտաշատի բաժնի ծառայողների հետ համագործակցությամբ ձեռնարկված միջոցառումների արդյունքում մարտի 16-ին Արտաշատից ոստիկանության Արտաշատի բաժին բերման է ենթարկվել Աշոտ Բադալյանը: Նախապատրաստված նյութերով հիմնավորվել է, որ նա ընկերոջ՝ Շահեն Շահենյանի հետ իրացրել է կեղծ եւ առանց ակցիզային դրոշմապիտակների 83 շիշ «Հենեսի» կոնյակ: Բացի այդ, Բադալյանը բացատրություն է տվել, որ հայտնաբերված կոնյակները ձեռք են բերել Ռուսաստանի Դաշնությունից:
Պարզվել է նաեւ, որ իրենց անօրինական գործունեությունը քողարկելու համար Բադալյանն ու Շահենյանը սահմանափակ պատասխանատվությամբ մի քանի ընկերություն են ստեղծել:
Կեղծ ու անակցիզ կոնյակներն առգրավվել են, հարուցվել է քրեական գործ: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ Շահեն Շահենյանին հայտնաբերելու ուղղությամբ:




























