Կենդանիների պաշտպանությամբ զբաղվող «Դինգո թիմ» ՀԿ անդամ Գոհար Մանուշակյանն այսօր՝ մարտի 16-ին, ոստիկանությունում ցուցմունք է տվել մայրաքաղաքի շների վնասազերծմամբ եւ ստերիլիզացմամբ զբաղվող «Յունիգրաֆ-Իքս» ՍՊԸ-ի կացարանից 17 շուն առեւանգելու վերաբերյալ: NEWS.am-ի հետ զրույցում Գոհար Մանուշակյանը նշեց, որ իրեն ոստիկանությունում ասել են, որ շների առեւանգման մասին ահազանգողը եղել է «Յունիգրաֆ-Իքս»  կազմակերպությունը:

«Ինձ կանչեցին ոստիկանություն եւ ասացին, որ երեկ գիշերն իրենց ահազանգել եւ ասել են, որ իբր մենք Յունգրաֆի կացարանից 12 շուն ենք գողացել: Մինչ ես կհասնեի ոստիկանություն եւ բացատրություն կտայի, այդ թիվը հասել էր 17-ի: Դա պարզապես ծիծաղելի է, որովհետեւ մենք գնացել էինք 2 մեքենայով եւ այդքան շուն պարզապես երկու մեքենայում չէր տեղավորվի, որ վերցնեինք մեզ հետ»,-ասաց Գոհար Մանուշակյանը:

Կենդանիների պաշտպանությամբ զբաղվող «Դինգո թիմ» ՀԿ անդամի խոսքով, երբ իրենք գնացել են «Յունիգրաֆ-Իքսի»  կացարան, որպեսզի վերադարձնեն  Երեւանի Մաշտոցի պողոտայից իրենց բուժած շներին փրկելու, որոնք  «Յունիգրաֆ-Իքսը»  մարտի 14-ին տարել էր այդ տարածքից, «Յունիգրաֆ-Իքսի»  պահակը թույլ է տվել նրանց մտնել եւ վերցնել իրենց շներին, սակայն, կենդանասերները փնտրել են եւ գտել ընդամենը  2 շուն, որոնց վերցրել են իրենց հետ. «Մենք ենք մտել կացարան, պահակի թույլտվությամբ եւ վերցրել այնտեղից ընդամենը 2 շուն»:

Հիշեցնենք, որ NEWS.am-ի հետ զրույցում «Յունիգրաֆ-Իքսի»  աշխատակից Լիլիթ Գրիգորյանը հերքել էր այն լուրերը, թե «Յունիգրաֆ-Իքսի»  աշխատակիցները մարտի 14-ի ուշ երեկոյան «Դինգո թիմի» բուժած շներին տարել են իրենց կացարան: Նրա խոսքով, այդ օրերին իրենք Օպերայի եւ Հյուսիսային պողոտայի տարածքում չեն աշխատել:

Սակայն, Գոհար Մանուշակյանը վստահեցնում է, որ ականատեսներ են եղել եւ տեսել, թե  ինչպես են «Յունիգրաֆ-Իքսի» աշխատակիցները տանում իրենց շներին:

Հիշեցնենք, որ «Յունիգրաֆ իքս»-ը հաղորդագրություն էր տարածել, ըստ որի՝ մարտի 15-ի ուշ երեկոյան՝ ժամը 23.30-24-ի սահմաններում, մի շարք անձինք ապօրինաբար ներխուժել են «Յունիգրաֆ իքս» ընկերության կլինիկայի տարածք: