Երեւանի քաղաքապետարանը կկանաչապատի Բուսաբանական այգին եւ Ծիծեռնակաբերդի լանջը: Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է պատասխանատուներին գարնանային ծառատունկերի եւ շաբաթօրյակների շրջանակում մշտական ուշադրության կենտրոնում պահել այս տարածքները:
«Իհարկե, նշածս այս երկու տարածքները Երեւանի քաղաքապետարանի ենթակայության տակ չեն, ինչը, սակայն, չի նշանակում, որ մենք այդտեղ անելիք չունենք: Ասել եմ ու կասեմ, այն, ինչը վերաբերում է Երեւանին, անկախ դրա պատկանելությունից, պետք է լինի նաեւ մեր հոգածության տակ: Ըստ այդմ, համագործակցելով Թանգարան-ինստիտուտի եւ Բուսաբանական այգու տնօրինությունների հետ, հնարավորին աջակցեք տվյալ տարածքների կանաչապատմանն ու խնամքին», - նշել է Տարոն Մարգարյանը:
Քաղաքապետը պատասխանատուներին հանձնարարել է նաեւ բարեկարգման աշխատանքներ տանել Հաղթանակ եւ Օղակաձեւ զբոսայգիներում: Կանաչապատման գործընթացի շրջանակում հանձնարարվել է ոռոգման սեզոնին ընդառաջ նաեւ ցանցի վերանորոգման նախապատրաստական աշխատանքներ տանել:
Նշենք ապրիլի 9-ին Երեւանում շաբաթօրյակ է կազմակերպվելու:
Հիշեցնենք, որ Երեւանի բուսաբանական այգու տարածքում հուլիսի 25-ին բռնվել է հրդեհ, որի հետեւանքով այրվել է 15 հեկտար խոտածածկ տարածք։



























