Այսօր՝ մարտի 17-ին կհրապարակվի «Մատաղիսի» գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարան ներկայացված գանգատի վերաբերյալ վճիռը:

Այս առնչությամբ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ, մասնավորապես, նշվում է.

«ՄԻԵԴ ներկայացված գանգատով դիմումատուներ Արայիկ Զալյանը, Մուսա Սերոբյանը եւ Ռազմիկ Սարգսյանը պահանջել են ճանաչել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 3-րդ (Խոշտանգումների արգելում) եւ 5-րդ (Ազատության եւ անձնական անձեռնմխելիության իրավունք) հոդվածներով նախատեսված իրավունքների խախտումները:

Հիշեցնենք, որ 2004 թ. ապրիլի 19-ին ԼՂՀ Մատաղիսի զորամասի ժամկետային զինծառայողներ Արայիկ Զալյանը, Մուսա Սերոբյանը եւ Ռազմիկ Սարգսյանը հրավիրվել են հրամանատարի սենյակ՝ 2003 թ. դեկտեմբերին սպանված երկու զինծառայողների գործով հարցաքննության նպատակով: Սկզբում նրանք հարցաքննվել են որպես վկաներ, ապա  զինվորական ղեկավարությունը փորձել է բռնությամբ ստիպել, որ վերջիններս ընդունեն մեղքը:

Ի տարբերություն Ա. Զալյանի եւ Մուսա Սերոբյանի՝ Ռազմիկ Սարգսյանը ճնշումների ներքո ընդունել է իր եւ երկու ծառայակիցների մեղքը:

2005 թ. մայիսին Արայիկ Զալյանը, Մուսա Սերոբյանը եւ Ռազմիկ Սարգսյանը դատապարտվել են նախ՝ 15 տարվա, ապա՝ ցմահ ազատազրկման եւ ազատազրկման վայրում անցկացրել 3 տարի:

2012 թ. դեկտեմբերի 18-ին նրանք արդարացվել են:

Հետաքրքրական է, որ քննիչ Արմեն Հակոբյանը, որի ակնհայտ ապօրինի գործողությունների արդյունքում տեղի էր ունեցել դատական սխալ, եւ անմեղ մարդիկ էին դատապարտվել, այդպես էլ պատասխանատվության չենթարկվեց, ավելին՝ նրա պաշտոնը բարձրացվեց, եւ այսօր Արմեն Հակոբյանը ՀՀ Ճանապարհային ոստիկանության պետն է:

Պատասխանատվության չենթարկվեց նաեւ այդ ժամանակվա զինդատախազ, այժմ՝ ՀՀ ԱԺ պատգամավոր, Գագիկ Ջհանգիրյանը, ում անմիջական ղեկավարությամբ տեղի էին ունեցել վերոնշյալ ապօրինությունները:

Մարտի 17-ին, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը վճիռ կկայացնի Հայաստանի Հանրապետության դեմ: Պաշտոնատար անձինք, որոնց պատճառով Հայաստանի Հանրապետությունը հերթական կորուստներն է կրելու, շարունակում են պաշտոնավարել»: