Այս գիշեր ծաղկած պտղատու ծառերի համար վտանգ ներկայացնող բացասական ջերմաստիճան է գրանցվել հիմնականում Զվարթնոցի մոտակա գյուղերում։ Այս մասին մարտի 17-ին ՀՀ կառավարության նիստում ասել է գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը։

Նա նշեց, որ նախարարությանն առընթեր արդեն ստեղծվել է աշխատանքային խումբ, որն այսօր եւեթ կմեկնի մարզեր։ «Այսօր եւ վաղը հանրապետությունում սպասվում է ավելի սառը զանգվածներ հոսք։ Դրա համար արդեն չորս օր է հորդորում ենք պտղատու կորիզավոր ծառերը անպայման ծխապատել եւ հնարավորության դեպքում առատ ոռոգել»,-ասել է նախարարը։

Սերգո Կարապետյանի խոսքով՝ բարձր լեռնային շրջաններում  (Թալին, Կոտայք, Վայոց Ձոր) ցրտահարումները վտանգավոր չեն, քանի որ այնտեղ ծառերը դեռ չեն ծաղկել։