Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանի Գայի պողոտայում գտնվող տարադրամի փոխանակման կետի վրա մարտի 16-ին զինված հարձակման դեպքով քրեական գործ է հարուցվել: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին ՀՀ Քննչական կոմիտեից:
Քրեական գործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ եւ 8-րդ կետերով, 175-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով եւ 235-րդ հոդվածի 1-ին մասով: Առերեւույթ հանցագործությունը կատարողին դեռեւս չեն հայտնաբերել:
Ըստ Քննչական կոմիտեի՝ դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է 6 պարկուճ, 4 գնդակ:
Նախնական տվյալներով՝ առերեւույթ հանցագործություն կատարած անձը, ուրիշի գույքը ավազակային հարձակմամբ հափշտակելու նպատակով, դիմակավորված, ատրճանակով զինված, 2016թ-ի մարտի 16-ին՝ ժամը 17:30-ի սահմաններում, մուգ կապույտ գույնի «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայով մոտեցել է անհատ ձեռնարկատեր Հ.Ասատրյանին պատկանող տարադրամի փոխանակման կետին։ Իջնելով մեքենայից՝ դիմակավորված անձը Հ. Ասատրյանի կյանքի ու առողջության համար վտանգավոր բռնության գործադրման սպառնալիքով պահանջել է գումար, սակայն մերժում ստանալով, վերջինիս սպանելու դիտավորությամբ, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով՝ բազմաթիվ կրակոցներ է արձակել նրա ուղղությամբ։ Կրակոցների ձայները լսելով՝ փոխանակման կետին են մոտեցել հարակից կրպակների աշխատակիցները, եւ դիմակավորված անձն ավտոմեքենայով դիմել է փախուստի
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Երեւանի Նոր Նորքի Գայի պողոտայում գտնվող «Երեւան Սիթի» սուպերմարկետի հարեւանությամբ գտնվող տարադրամի փոխանակման կետի վրա զինված քաղաքացին ավազակային հարձակում է գործել: Նա մի քանի կրակոց է արձակել տարադրամի փոխանակման կետի աշխատակցի ուղղությամբ եւ իր մեքենայով դիմել փախուստի:





























