Արարատի մարզի Մխչյան գյուղիայգեգործներին այս գիշեր հաջողվել է ցրտահարությունից փրկել ծիրանենիները: Մխչյան գյուղի բնակիչ Համբարձում Կրպեյանը NEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ ամբողջ գիշեր այգում են անցկացրել, ծխեցման կարիք է առաջացել միայն լուսադեմին։
«Գնացինք, կապի մեջ էինք բոլոր այգեգործներով իրար հետ, մինչեւ ժամը 6-ը սպասեցինք, 6-ին նոր ջերմաստիճանը իջավ -2։ Էդ ժամանակ ծխահարեցինք թեթեւ, ու արդեն արեւը դուրս եկավ»,- ասաց այգեգործը։
Համբարձում Կրպեյանը նշեց, որ այս պահից արդեն նախապատրաստվում են այսօր գիշեր այգիները ծխահարելուն, քանի որ ցրտահարման վտանգն ավելի մեծ է լինելու։
Գյուղացիները այգիներում կույտեր են արել հարդից, տերեւների մնացորդներից, գոմաղբից։ Նրանք ցրտահարությանն են պատրաստվում արդեն մի քանի օր։
Նշենք, որ մարտի 16-ի լույս 17-ի գիշերը Արմավիրում գրանցվել է -2, Մերձավանում -5, Արտաշատում -2, Արարատում -0,5, Ուրցաձորու -3, Աշտարակում -3, Երեւանում -2-4, Արենիում -1, Բագրատաշենում -2, Իջեւանում -2 աստիճան ցուրտ։
Մարտի 17-ի լույս 18-ի գիշերը հանրապետության տարածքին մոտենում է հզոր անտիցիկլոն, անտիցիկլոնի պայմաններում ակնկալվում է եղանակի լիարժեք պարզեցում, որի հետեւանքով ջերմաստիճանը կնվազի եւս 2-4 աստիճանով, Արարատյան դաշտում, Վայոց Ձորի, Տավուշի եւ Սյունիքի հովտային գոտիներում օդում սպասվում է -4-7, հողի մակերեւույթին -5-8 աստիճան ցուրտ:



























