Հայաստանում բենզինի շուկայի գերկենտրոնացում է տեղի ունեցել. վերջին 5 տարում բենզինի շուկայում 4-5 ընկերության փոխարեն այսօր բենզին են ներկրում միայն 2 ընկերություն: Այս մասին, այսօր՝ մարտի 17-ին, ԱԺ-ում ՏՄՊՊՀ 2016 թվականի տարեկան գործունեության ծրագրի քննարկման ժամանակ հայտարարել է ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը:

Նրա խոսքով. Սերժ Սարգսյանի ռեժիմը մենաշնորհային արտոնություններ է տվել իր հավատավոր մերձավորներին եւ պետական իշխանության հակարագը ծառայեցնում է մենաշնորհների տերերի հարստացմանը:

«Առաջին հերթին դա վերաբերում է լայն սպառման ապրանքներին՝ հաց, ալյուր, շաքար, կարագ, միս, պարենային այլ ապրանքներ, բենզին, դիզվառելիք եւ այլն: Շատ քաղաքացիներ փորձել են զբաղվել այդ բիզնեսով եւ բախվել մենաշնորհային տեռորի հետ: ՏՄՊՊՀ-ն մաս է կազմում մենաշնորհային այս իշխանության ռեժիմի եւ փոխանակ արդյունավետ պայքար տանի մենաշնորհների դեմ՝ ստանձնել է մենաշնորհների փաստաբանի դերը: Ակնհայտ է, որ ցանկության դեպքում Հանձնաժողովը հետամուտ կլիներ հետազոտությունների, որոնք կբացահայտեին շուկաների ահավոր կենտրոնացման փաստը»,-նշել է Զուրաբյանը:

Անդրադառնալով բենզինի շուկային, նա ընդգծել է, որ իրականում բենզինի ներկրման շուկան կենտրոնացել է մեկ ձեռքում: «2014-ին ստեղծվել է «Ռոսնեֆտ Արմենիա» համատեղ ձեռնարկությունը, որն ըստ էության, աննշան բացառություններով բենզին ներկրող միակ ընկերությունն է: Իսկ «Ֆլեշն» ու CPS-ը  հիմնականում ստանում են արդեն ներկրված բենզինը եւ այն Հայաստանում բաշխում բենզալցակայանների միջոցով:

Մեզ չի հաջողվում տեղեկանալ, թե ինչ մաքսային արժեքով է բենզինը ներկրվում Հայաստան: Ինչու չի հրապարակվում գնագոյացման ամբողջ շղթան, սկսած մաքսային արժեքից, ինչպես դա արվել է ալյուրի ու հացի դեպքում: Այս թիվը պահպանվում է որպես պետական գաղտնիք:

Եթե մենք ունենայինք բենզինի ներկրման մաքսային արժեքը, այսինքն այն գինը, որով ռուսները բենզին են վաճառում Հայաստանին, հեշտությամբ կարելի էր հաշվարկել այն, գինը, որ բենզինը պետք է ունենար Հայաստանում: Դրա համար այդ գնին պետք է ավելացնել ակցիզային հարկն ու ԱԱՀ-ն, տեղափոխման ու պահպանման ծախսերը, ինչը առավելագույն դեպքում կկազմի 10 տոկոս: Մրցակցային պայմաններում դրան կգումարվեր 20 տոկոս վերադիրը, մինչեւ սպառողին հարցնելը»,-նշել  է ՀԱԿ խմբակցության ղեկավարը:

«Ըստ հեղինակավոր «Պլաց» գործակալության, բենզինը միջազգային բորսային Փոթի կարելի է հասցնել մեկ տոննան 110 դոլարով: Փոթիից Սադախլո՝ 85 դոլար: Դրան ավելացնում են Մինչեւ Երեւան 30 դոլար, ավելացնում ենք ակցիզն ու ԱԱՀ-ն՝ 112 դոլար: Այսիպոսով մեկ լիտր բենզինի արժեքը ստացվում է 257 դրամ: Սպառողին հասցնելու վերադիրներն էլ հաշված (20 տոկոս), նաեւ հարկերը հաշվարկելով ստանում ենք, որ բենզինի գինը պետք է լիներ ոչ ավել, քան 310 դրամ: Ինչո՞ւ է այն 370-380 դրամ»,-ասել է Զուրաբյանը:

«Հայաստանում այսօր իսկապես սարսափելի վիճակ է, որովհետեւ մենաշնորհները խեղդում են տնտեսության զարգացումը եւ բնակչության համար բեռ են: Եթե առաջիկա ընտրություններին ՀԱԿ-ին հաջողվի հաղթել, մենք օրենսդրություն կանցկացնենք, համաձայն որի որեւէ շուկայում, որեւէ ընկերություն չի կարող ունենալ 33 տոկոսից ավելի բաժին: Լուծումը շատ պարզ է` ոչնչացնել մենաշնորհները, ոչնչացնելու լուծումն էլ է շատ պարզ, եւ դա պետք է արվի եւ՛ օրենսդրությամբ, եւ՛ քաղաքական կամքով, եւ լայն սպառման ապրանքի գները 30-40 տոկոսով կարող են էժանանալ»,-համոզմունք է հայտնել նա: