Ընտրատեղամասերում պարտադիր նկարահանման մասին հարցը կարելի է քննարկել։ Այս մասին մարտի 17-ին կայացած Կառավարության նիստում ասել է ՀՀ օմբուդսմեն Արման Թաթոյանը՝ անդրադառնալով ընդդիմության առաջարկին։
Նրա խոսքով՝ միջազգային կազմակերպությունների կարծիքն այդ հարցի շուրջ միանշանակ չէ, քանի որ այստեղ կարող է խախտվել քվեարկության գաղտնիությունը։ Մյուս կողմից՝ տեսախցիկների տվյալները կարելի է օգտագործել արդյունքը բողոքարկելու դեպքում։ Այս եւ Ընտրական օրենսգրքի նախագծի այլ հարցերով ՄԻՊ-ի դիրքորոշումը արտահայտված կլինի ամենամյա հաշվետվության մեջ։ Նույնը վերաբերում է քվեարկածների ցուցակները հրապարակելուն։ «Հենց հիմա դժվարանում եմ գնահատականներ տալ, քանի որ հարցը շատ քաղաքականացված է, իսկ օմբուդսմենի աշխատանքում չպետք է քաղաքականություն լինի։ Կարող եմ ասել, որ կարեւոր է հաշվի առնել Վենետիկի հանձնաժողովի, ԵԱՀԿ-ի եւ Հայաստանի Սահմանադրական դատարանի դիտարկումները։ Օմբուդսմենի աշխատակազմը իր կարծիքը կարտահայտի»,-վստահեցրեց Թաթոյանը։





























