Հայաստանի ներքին քաղաքական կյանքը շատ բուռն է` կապված Ընտրական օրենսգրքի նոր նախագծի քննարկումների հետ: Այսօր` մարտի 17-ին, լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը:
«Քաղաքական ուժերի խնդիրները հիմնականում ուղղված են Ընտրական օրենսգրքի նոր նախագծին: Քաղաքական ուժերը տարբեր ակտիվություն են ցուցաբերում. մի մասը կարծիք է հայտնում նախագծի մասին, մյուս մասը` դրույթներն է քննարկում»,- ասաց Սուքիաս Ավետիսյանը:
ՀՀԿ-ական պատգամավորի պնդմամբ, առաջարկվող նախագծով ժողովրդի հավատն է վերականգնվում: Այնուամենայնիվ, Սուքիաս Ավետիսյանը ցանկանում է, որ ցուցակներում ներգրավվեն առավել մարզերի ներկայացուցիչները. «Այսօր խորհրդարանում մեծ մասամբ Երեւանում գրանցված պատգամավորներն են: Ես կցանկանայի, որ մարզերին ավելի շատ տեղեր հատկացվեն»:
Ինչ վերաբերում է ստորագրված ցուցակների հրապարակելուն, ՀՀԿ-ական պատգամավորն ընդգծեց, որ ինքը դեմ է դրան, քանի որ այս կերպ խախտվում է քաղաքացու ընտրելու գաղտնիության իրավունքը»:
Հիշեցնենք, որ Ընտրական օրենսգրքի նոր նախագիծն արդեն դրվել է շրջանառության մեջ: Մարտի 18-ին խորհրդարանական լսումներ են սպասվում, իսկ արդեն առաջիկա քառօրյային հարցը կներառվի օրակարգի մեջ:





























