Աշխարհի երջանիկ երկրների ցուցակը կազմելիս հաշվի են առնվել բազմաթիվ գործոններ`մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ի չափը (Հայաստանը  93-րդ տեղում է), անվտանգությունը, ապահարզանների եւ գործազուրկների թիվը, կոռուպցիայի մակարդակը, բնակչության իրավունքը տարբեր քաղաքացիական նախաձեռնությունների ժամանակ եւ այլն: Այս մասին այսօր` մարտի 17-ին, ասուլիսի ժամանակ հայտարարեց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը:

«Համախառն ներքին արդյունքի չափանիշով Հայաստանն աշխարհում  93-րդ տեղում է, ապահարզանները մեզ մոտ յուրաքանչյուր 5-րդ դեպքն է: Կենսամակարդակով Հայաստանը գտնվում է աշխարհում 93-րդ տեղում, երկարակեցությամբ` 74-րդ տեղում, սոցիալական առաջընթացի առումով` 61-րդ, հասարակության կայունության վարկանիշով`90-րդ»,- նշեց Ահարոն Ադիբեկյանը:

Նրա խոսքով` երջանիկ երկրների ցանկը կազմելիս հաշվի են առնվել նաեւ այլ գործոններ, մասնավորապես` բարեհամբո՞ւյր ենք արդյոք անծանոթի նկատմամբ եւ որքանով ենք շռայլ նրան օգնելու առումով:

«Հայաստանը տարօրինակ երկիր է. հյուրասիրությամբ մենք  40-րդն ենք աշխարհում, բայց կամավոր աշխատանք կատարելու կամ գումարով ինչ-որ մեկին օգնելու առումով` 127-րդ տեղում ենք: Այսինքն` հյուրասեր ազգ ենք, բայց հասարակական-քաղաքացիական ներդրում կատարելու առումով բավականին անելիքներ կան»,-  նշեց Ահարոն Ադիբեկյանը:

Սոցիոլոգի փոխանցմամբ, սոցիալական առաջընթացի առումով, որի մեջ  հաշվարկում են բժշկական օգնության մատչելիությունը, բնակարանի ապահովությունը, առողջապահության եւ էկոլոգիական մակարդակը, սնունդը, մարդու անձնական-քաղաքացիական ազատությունները, իրավունքների ապահովությունը եւ այլն, Հայաստանն աշխարհում զբաղեցնում է 61-րդ տեղը` հաջորդելով Վրաստանին (60-րդ տեղ):

«Այս կետով Ադրբեջանը 76-րդն է, Ղազախստանը` 83-րդը, Բելառուսը` 66-րդը, Ռուսաստանը` 71-րդը: Այսինքն` սոցիալական առաջընթացի առումով մենք բավականին առաջ գնացող երկիր ենք»,- ասաց Ահարոն Ադիբեկյանը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Դանիան դարձել է աշխարհի ամենաերջանիկ երկիրը՝ առաջ անցնելով Շվեյցարիայից։ Զեկույցը պատրաստել է Կոլումբիայի համալսարանի Երկրի ինստիտուտն ու ՄԱԿ՝ արտաքին կայուն զարգացման մշակման կազմակերպությունը, հայտնում է Reuters-ը։

Հայաստանն այդ զեկույցում զբաղեցրել է 121-րդ տեղը, Վրաստանը՝ 126-րդ, Ադրբեջանը՝ 81-րդ։ Թուրքիան 78-րդ տեղում է, Իրանը՝ 105-րդ։