ՀՀ Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Լեւոն Յոլյանը մերժել է «Նաիրիտի» մի քանի տասնյակ նախկին աշխատակիցների պահանջը` կապված գործարանի հարցերով զբաղվող նորաստեղծ հանձնաժողովում նախկին աշխատակիցներից երկուսին ներառելու հետ: Այս մասին այսօր՝ մարտի 17-ին NEWS.am- հետ զրույցում ասաց նախկին նաիրիտցի Անահիտ Մանուկյանը:
«Մենք հանդիպեցինք նախարարին, ներկայացրինք մեր պահանջը, սակայն պարոն Յոլյանն ասաց, որ չի կարող հանձնաժողովում ընդգրկել «Նաիրիտի» նախկին աշխատակիցներին: Ասաց` որ ինչ-որ հարցերի հետ դուք համաձայն չլինեք, կդառնա միտինգ: Մենք էլ ասինք, որ անկախ դրանից էլ մենք ամեն հինգշաբթի այստեղ միտինգ ենք անում»,- նշեց Անահիտ Մանուկյանը:
Վերջինի խոսքով ` նախարարն առաջարկել է, որ նախկին նաիրիտցիներն առանձին հանձնաժողով կազմեն եւ առաջարկություններ ներկայացնել, խոստացել հանդիպել եւ լսել նաեւ նրանց հանձնաժողովի առաջարկությունները:
«Նախարարն ասաց, որ մեր մասնագետներով առանձին հանձնաժողով ստեղծենք, բայց եթե մեր կառավարության նպատակն է «Նաիրիտը» վերագործարկելը, ինչ իմաստ ունի մի քանի հանձնաժողով ստեղծելը: Նախորդ հանձնաժողովն էլ ստեղծեցին ու ոչինչ չարեց, մենք այլեւս որեւէ մեկին չենք վստահում: Եթե ուզում են, որ խնդիրը չլուծվի, ապա պետք է իրար հետեւից հանձնաժողովներ ստեղծեն»,- ասաց Անահիտ Մանուկյանը:
Ավելի վաղ NEWS.am-ը տեղեկացրել էր, որ «Նաիրիտի» մի քանի տասնյակ նախկին աշխատակիցներ այսօր՝ մարտի 17-ին, նամակով ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Լեւոն Յոլյանից պահանջեցին գործարանի հարցերով զբաղվող նորաստեղծ հանձնաժողովում ներառել նախկին աշխատակիցներից երկուսին:
«Մենք չենք տեղեկանում, թե հանձնաժողովը ինչ գործունեություն է ծավալում, մեզ մոտ տեղեկացվածության պակաս կա: Դրա համար ուզում ենք, որ աշխատանքային խմբից երկուսը ընդգրկվեն հանձնաժողովում»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց նախկին նաիրիտցի Անահիտ Մանուկյանը:
Հիշեցնենք, որ ձեռնարկությունը չի աշխատում 2010թ. ապրիլից: ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարն ասել էր, որ եթե լինի պոտենցիալ ներդրող, պետությունը պատրաստ է սառեցնել պարտքերը եւ վերագործարկել «Նաիրիտ» գործարանը:






























