Սիրիայի Արաբական Հանրապետության կառավարությունը զգուշացնում է երկրի ամբողջականությունը եւ սիրիական ժողովրդի միասնականությունը որեւէ պատրվակով խարխլելու գայթակղության դեմ,  այդ թվում նաեւ Խասակե նահանգի Ռումեյլան քաղաքում հավաքվածներին, որովհետեւ միավորման կամ ֆեդերալիզացիայի հարցի բարձրացումը Սիրիայի տարածքի ամբողջականության եւ ժողովրդի միասնականության խախտում է, ինչը հակասում է ՍԱՀ-ի Սահմանադրությանը, ազգային անփոփոխ արժեքներին եւ միջազգային փաստաթղթերին: Այդ մասին ասված է սիրիական ԱԳՆ-ի հատուկ հայտարարության մեջ, հայտնում է սիրիական պետալան լրատվական ՍԱՆԱ գործակալությունը:   

Այդ ուղղությամբ որեւէ հայտարարություն օրենքի ուժ չունի` չունի իրավաբանական, քաղաքական, իրավական եւ տնտեսական ուժ, որովհետեւ չի արտացոլում ամբողջ սիրիական ժողովրդի, քաղաքական բոլոր ուղղությունների կամքը, որովհետեւ ժողովուրդը նվիրված է իր երկրի ամբողջականությանը եւ միասնականությանը: 

Այժմ մեր ժողովրդի առաջ կանգնած գլխավոր խնդիրը ահաբեկչության դեմ պայքարն է. այդ նպատակից ցանկացած շեղում կդիտվի որպես աջակցություն ահաբեկչությանը եւ բոլոր նրանց, ովքեր ուզում են թուլացնել Սիրիան եւ նրա քաջարի բանակին խանգարել Սիրիայի Արաբական Հանրապետության ամբողջ տարածքում խաղաղության եւ կայունության վերականգնման համար իր պայքարում, նշված է հայտարարության մեջ: 

Հիշեցնենք, որ Ռումեյլան քաղաքում (Խասեկե նահանգ) հավաքված ավելի քան   30 քաղաքական կուսակցության համագումարում պաշտոնապես հայտարարվել է Սիրիայի հյուսիսում շրջանային դաշնային վարչակազմի ստեղծման մասին: Ֆորումին, որն ընթանում էր  «Ժողովրդավարական դաշնային Սիրիան ժողովուրդների համատեղ կյանքի եւ եղբայրության երաշխավորն է» կարգախոսով,  200 պատգամավոր է մասնակցել: Գործակալության տվյալներով նրանք ներկայացնում են երկրի հյուսիսային եւ հյուսիս-արեւելյան շրջաններում ապրող քրդերի, արաբների, ասորեստանցիների, թուրքմենների, չերքեզների եւ հայերի: