Կառավարության որոշմամբ, Տավուշի մարզին շուկայականից անհամեմատ ցածր գնով դիզվառելիք, պարարտանյութեր եւ առվույտի սերմացու է հատկացվել: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ՀՀ Տարածքային կառավարման եւ զարգացման նախարարությունից:
Գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող պետական աջակցության ծրագրերի շրջանակում, Տավուշի մարզպետարանի կողմից ներկայացված հայտերի հիման վրա, մարզին հատկացվել է շուկայականից անհամեմատ ցածր գնով 400 հազար լիտր դիզվառելիք` 1 լիտրը 280 դրամով:
Մարզին հատկացվել է նաեւ 420 տոննա ազոտական պարարտանյութ` 1 պարկի գինը 6000 դրամ, 5-ական տոննա ֆոսֆորական եւ կալիումական պարարտանյութ` 1 պարկի գինը 7000 դրամ, 15 տոննա գարնանացան գարու սերմացու` 1 կիլոգրամը 130 դրամ եւ 2 տոննա առվույտի սերմացու` 1 կիլոգրամը 1500 դրամ:
Մարտի 17-ի դրությամբ, մարզ է ներկրվել եւ համայնքներին բաշխվել 188 տոննա ազոտական պարարտանյութ, 15 տոննա գարնանացան գարին ամբողջությամբ, 2 տոննա առվույտի շուրջ 500 կիլոգրամը, իսկ 400 հազար լիտր դիզվառելիքից իրացվել է 55 հազար լիտրը:
Հողօգտագործողներին հատկացված վառելիքի, պարարտանյութերի եւ առվույտի սերմացուի գումարների հավաքագրման, դրանց մարզ ներկրման եւ համայնքներին հատկացման աշխատանքներն ընթացքի մեջ են:





























