«Մատաղիսի գործով» ՄԻԵԴ-ի կայացրած որոշումը կարող է կանխարգելիչ դեր ունենալ ապագայի համար։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք հայտնեց «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը, որը ժամանակին որպես փաստաբան պաշտպանել է գործով ամբաստանյալներին։

«Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կայացրած վճիռը, սակայն, լիարժեք չի փոխհատուցում մեր ապրումները՝ իմ պաշտպանյալների, իմ, ինչպես նաեւ այն անձանց, որոնք պայքարում էին այս երիտասարդների իրավունքների համար։ Մեր ապրումները ոչինչ չի կարող փոխհատուցել»,- ասաց Զարուհի Փոստանջյանը։

Պատգամավորի խոսքով՝ մյուս կողմից Եվրոպական դատարանի կայացրած վճիռն իրենց հնարավորություն է տալիս պատասխանատվության կանչել ապօրինություն կատարած անձանց, բացառել նման մարդկանց ներգրավվածությունն իրավապահ մարմիններում։

«Այս մարդկանց ապօրինությունների պատճառով կան մարդիկ, որոնք բանտախցերում են։ Նրանց պատճառով ճակատագրեր են խեղվում։ Բանակում սպանությանների ականատես ենք լինում անընդհատ։ Կարծում եմ՝ տարիներ առաջվա ապօրինությունների արձագանքն է սա, քանի որ սպանության իրական մեղավորներն ազատության մեջ են»,- հավելեց Զարուհի Փոստանջյանը։

Հիշեցնենք, որ ՄԻԵԴ ներկայացված գանգատով դիմումատուներ Արայիկ Զալյանը, Մուսա Սերոբյանը եւ Ռազմիկ Սարգսյանը պահանջել են ճանաչել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 3-րդ (Խոշտանգումների արգելում) եւ 5-րդ (Ազատության եւ անձնական անձեռնմխելիության իրավունք) հոդվածներով նախատեսված իրավունքների խախտումները: 2017թ. մարտի 17-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը որոշել է, որ «Մատաղիսի» գործով գանգատներ ներկայացնողներին ՀՀ կառավարությունը պետք է 50 հազար եվրո վճարի:

Ավելի վաղ հայտնել էինք, որ 2004թ. ապրիլի 19-ին ԼՂՀ Մատաղիսի զորամասի ժամկետային զինծառայողներ Արայիկ Զալյանը, Մուսա Սերոբյանը եւ Ռազմիկ Սարգսյանը հրավիրվել են հրամանատարի սենյակ՝ 2003թ. դեկտեմբերին սպանված երկու զինծառայողների գործով հարցաքննության նպատակով: Սկզբում նրանք հարցաքննվել են որպես վկաներ, ապա զինվորական ղեկավարությունը փորձել է բռնությամբ ստիպել, որ վերջիններն ընդունեն մեղքը:

Ի տարբերություն Արայիկ Զալյանի եւ Մուսա Սերոբյանի՝ Ռազմիկ Սարգսյանը ճնշումների ներքո ընդունել է իր եւ երկու ծառայակիցների մեղքը:

2005թ. մայիսին Արայիկ Զալյանը, Մուսա Սերոբյանը եւ Ռազմիկ Սարգսյանը դատապարտվել են նախ՝ 15 տարվա, ապա՝ ցմահ ազատազրկման եւ ազատազրկման վայրում անցկացրել 3 տարի: 2012թ. դեկտեմբերի 18-ին նրանք արդարացվել են:

Հետաքրքրական է, որ քննիչ Արմեն Հակոբյանը, որի ակնհայտ ապօրինի գործողությունների արդյունքում տեղի էր ունեցել դատական սխալ, եւ անմեղ մարդիկ էին դատապարտվել, այդպես էլ պատասխանատվության չենթարկվեց, ավելին՝ նրա պաշտոնը բարձրացվեց, եւ այսօր Արմեն Հակոբյանը ՀՀ Ճանապարհային ոստիկանության պետն է: