Սարի թաղում մարտի 13-ին 6 անձի դանկահարությամբ ավարտված վիճաբանության կասկածանքով ձերբակալված Պետրոսյան եղբայրներին մեղադրանք է առաջադրվել: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ՀՀ Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից:

Քննիչը միջնորդություն է ներկայացրել Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ մեղադրյալների նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ:

Երեւանի քննչական վարչության Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռք բերված ապացույցների հիման վրա կրտսեր եղբորը մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (սպանության փորձ՝ երկու կամ ավելի անձանց նկատմամբ), ավագ եղբորը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով (սպանության փորձ) եւ 113-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (2 կամ ավելի անձանց միջին ծանրության մարմնական վնաս պատճառելը):

Մեղադրյալների մասնակցությամբ կատարվել է քննչական փորձարարություն: Շարունակվում են ձեռնարկվել անհրաժեշտ քննչական միջոցառումներ՝ մասնակիցների շրջանակը պարզելու եւ նրանցից յուրաքանչյուրի գործողություններն անհատականացնելու ուղղությամբ:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Երեւանի Սարի թաղում մարտի 13-ի երեկոյան անչափահասի սպանության ելքով դանակահարության կասկածանքով կա երկու ձերբակալված: Մարտի 15-ին ոստիկանության Նոր Նորքի բաժին են ներկայացել 26-ամյա Դավիթ եւ 25-ամյա Նարեկ Պետրոսյան եղբայրները: Նրանք խոստովանել են, որ մասնակցել են դանակահարությանը նախորդած վիճաբանությանը:

Նշենք, որ ըստ քննչական կոմիտեի՝ մարտի 13-ին ժամը 21-ի սահմանում Սարի թաղում գործող թիվ 47 դպրոցի դիմաց տեղի է ունեցել վիճաբանություն, որը վերածվել է ծեծկռտուքի ու ավարտվել դանակահարությամբ: 17-ամյա Արմեն Բաղդասարյանը մահացել է:

Վիրավորներն են Ռոբերտ Կարապետյանը, Սամվել Գասպարյանը, Սերգեյ Օսիպովը, բոլորը՝ ծնված 1998թ.: Տուժած երեք երիտասարդները, որոնք ստացել էին կրծքավանդակի եւ կոնքի կտրած-ծակած վերքեր, արդեն տեղափոխվել են հիվանդասենյակ: