Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանության գործով վկաները դեպքից հետո եղել են հավասարակշիռ վիճակում, տվել են արժանահավատ ցուցմունքներ: Այս մասին մարտի 17-ին կայացած դատական նիստին ասացին հոգեբան-փորձագետներ Էլդա Գրինը եւ Մարիամ Մեհրաբյանը:
«Վկաները հանգիստ էին, հանգիստ պատախանում էին հարցերին, խուսափողական դիրքորոշում չունեին, ճնշվածության սինդրոմ վկաների մոտ չի նկատվել: Կարեն Բաղրամյանը ամբողջությամբ վերարտադրել է ու գծագրել ամբողջ միջադեպը առանց որեւէ կցկտուր խոսքերի: Նա նկարագրում էր իր ամբողջ ինֆորմացիան, հարցերին պատասխանում էր հակիրճ, խոսելիս ասածները հասկանալի էր»,- ասաց Մարիամ Մեհրաբյանը:
Փորձագետը նշեց, որ վկաներից Նորիկ Օհանջանյանը, որն, ի դեպ, դեպքից հետո հոգեկան խնդիրներ է ձեռք բերել, իրենց հարցերին ընդհատումներով է պատասխանել, սակայն իրենց հաջողվել է ստանալ բոլոր հարցերի պատասխանները, ոչ մի թերի բան չի մնացել:
Մեղադրվող Վաչե Սահակյանի պաշտպան Արմեն Նադիրյանը դատարանին միջնորդեց անթույլատրելի ճանաչել դատահոգեբանական փորձաքննության եզրակացությունը, նշանակել դատահոգեբուժական փորձաքննություն: Փաստաբանը նշեց, որ փորձագետները դուրս են եկել իրենց լիազորություններից եւ տվել են դատահոգեբույժի եզրակացություն:
Դատարանը միջնորդության վերաբերյալ որոշումը կհրապարակի մարտի 19-ին:
Հիշեցնենք, որ Հայկազ Բարսեղյանի սպանության համար մեղադրվում են նրա համակուրսեցիները` կուրսանտներ Գնել Թեւոսյանը, Նորիկ Սահակյանը, Վաչե Սահակյանը եւ Մովսես Ազարյանը։ Ըստ մեղադրանքի՝ նրանք հունվարի 29-ին՝ ժամը 02:00-ից 03:00-ի սահմանում, զորամասի ննջարանում դաժանությամբ սպանել են կուրսանտ Հայկազ Բարսեղյանին, ապա հետքերը թաքցնելու նպատակով կախել նրա մարմինը մարզահրապարակում գտնվող պտտաձողից, նրա անունից գրություն թողել, թե իբր ինքնասպան է եղել: Ամբաստանյալներն իրենց մեղավոր չեն ճանաչում:




























