Լացող աչքի, կոտրված սրտի՝ ձեռքով արված նկարները, որ գտել են Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտի կուրսանտ Հայկազ Բարսեղյանի իրերի մեջ նրա մահվանից հետո, համընկնում են նրա սպանության մեջ մեղադրվող կուրսանտներից մեկի տետրի նկարների հետ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց սպանվածի հայրը՝ Արկադի Բարսեղյանը:

«Նույն նկարները՝ լացող աչք, կախաղան, կոտրված սիրտ, եղել են նաեւ Մովսես Ազարյանի  անձնական տետրի մեջ: Վկաները ասում են՝ Մովսեսն ասել է ՝ նենց գրեմ, չեն ջոկի, հետո ասել է՝ լուսավորությունը չի հերիքում, ասել են՝ գնա կողքի սենյակում գրի»,- ասաց Արկադի Բարսեղյանը:

Նշենք, որ Հայկազ Բարսեղյանի անունից թողած երկտողում գրված է «Ոչ մեկ մեղավոր չի,  ուղղակի հոգնել եմ ու անհետաքրքիր ա: Քաշքշուկի համար կներեք»: Ըստ փորձագետների՝ այդ երկտողը տուժողը չի գրել, նա չի եղել ինքնասպանություն գործողի հոգեվիճակում:

Հիշեցնենք, որ Հայկազ Բարսեղյանի սպանության համար մեղադրվում են նրա համակուրսեցիները` կուրսանտներ Գնել Թեւոսյանը, Նորիկ Սահակյանը, Վաչե Սահակյանը եւ Մովսես Ազարյանը։ Ըստ մեղադրանքի՝ նրանք հունվարի 29-ին՝ ժամը 02:00-ից 03:00-ի սահմանում, զորամասի ննջարանում դաժանությամբ սպանել են կուրսանտ Հայկազ Բարսեղյանին, ապա հետքերը թաքցնելու նպատակով կախել նրա մարմինը մարզահրապարակում գտնվող պտտաձողից, նրա անունից գրություն թողել, թե իբր ինքնասպան է եղել: Ամբաստանյալներն իրենց մեղավոր չեն ճանաչում: