Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը պնդում է` վաղ թե շուտ պետք է ստեղծվի Ներքին գործերի նախարարություն: Թե ինչու է շահագրգիռ նախկին փոխոստիկանապետ Արմեն Երիցյանն այս հարցում, եւ որքանով են իրականությանը համապատասխանում լուրերը, որ հենց ինքն է ձգտում այդ գերատեսչության ղեկավարի պաշտոնին, նա պարզաբանել է NEWS.am-ի հետ հարցազրույցում:
Պարոն Երիցյան, արտակարգ իրավիճակների եւ տարածքային կառավարման նախարարությունը կրկին առանձնացնելուց հետո, ինչպե՞ս եք Ձեզ զգում առանց «սուպերնախարարի» կարգավիճակի:
Շատ լավ, հավատացեք, որ շատ լավ եմ զգում:
Նախկինում լավ չէիք զգո՞ւմ:
Լավ էր, հիմա ավելի լավ է…
Ինչո՞ւ է հիմա ավելի լավ:
Այն ժամանակ ծանրաբեռնվածությունն ավելի շատ էր, հիմա ավելի շատ արտակարգ իրավիճակների նախարարության հարցերով եմ զբաղվում, նորմալ է:
Ի՞նչ տարբերություն գերատեսչությունները միավորված են, թե առանձնացված: Ո՞րն է բխում ոլորտի զարգացման շահերից:
Չգիտեմ, դա աշխատանք է, որը պետք է կատարվի: Եթե միացնում են ու պետք է աշխատես, պարտավոր ես աշխատել: Եթե առանձնացրել են նույնպես պիտի աշխատենք: Տարբերությունը ծանրաբեռնվածությունն է, որ միացված է` ավելի ծանրաբեռնված է աշխատանքը, իսկ երբ առանձնացված է… Ես գտնում եմ, որ երկու դեպքում էլ անելիքներ շատ կան:
Երբ միավորվում էր, մեկնաբանվեց, որ Ձեր դիրքերն են ուժեղացնում` ավելի մեծ լիազորությամբ օժտելով Ձեզ:
Չէ, էդպիսի բան չկար: Նախագահի մոտեցումը բոլոր նախարարների նկատմամբ հավասար է, եւ մենք էլ մեր առջեւ դրված խնդիրներն ենք կատարում:
Տարածքային կառավարման նախարարությունը ՀՅԴ-ին տրամադրելուց հետո դրա անվան դիմաց ավելացվեց «զարգացման» բառը` դառնալով Տարածքային կառավարման եւ զարգացման նախարարություն: Ինչո՞ւ Ձեր ղեկավարման օրոք այդ բառի անհրաժեշտությունը չկար եւ միայն դրանից հետո հավելվեց եւ առհասարակ ի՞նչ է փոխում դա:
Չեմ կարող պատասխանել Ձեր հարցին, որովհետեւ հարցը եթե լիներ Արտակարգ իրավիճակների նախարարությանն առնչվող, մեծ հաճույքով կպատասխանեի: Ես չգիտեմ` ինչի համար է այդ բառն ավելացել, պարոն Լոքյանին պետք է ուղղել այդ հարցը:
Լոքյանը բացատրում է, որ այդ բառի հիմնական նպատակն է տնտեսապես խթանել մարզերը, որտեղ ՀՆԱ-ն շատ ցածր է, բացակայում են աշխատատեղերը, տնտեսությունը պակաս դիվերսիֆիկացված է եւ աղքատության տոկոսը մեծ է: Այսինքն` անվան մեջ «զարգացման» բառի բացակայությունը խոչընդո՞տ էր նշված խնդրի լուծմանը:
Թույլ տվեք այդ հարցերին չպատասխանել: Իմ նախարարությանն առնչվող հարցերին կպատասխանեմ մեծ հաճույքով, բայց հիմա քանի որ ես այդ նախարարության հետ առնչություն չունեմ, իմ կողմից բացատրություն տալը կոռեկտ չի լինի:
Ամեն դեպքում, տարածքների համաչափ զարգացումն այդպես էլ չի հաջողվում իրականություն դարձնել որեւէ նախարարի, ինչո՞ւ:
Գիտեք ինչ, դա մեծ գումարների հետ է կապված: Համաչափ զարգացումը շատ կարեւոր է, եթե դա չեղավ, կարծում եմ` մենք խնդիրներ կունենանք: Պետք է յուրաքանչյուր տեղ ուսումնասիրել եւ ըստ այդմ քայլեր կատարել:
Երբ միավորվում էր երկու նախարարությունը, շատ էր գրվում, որ նպատակ կա նաեւ ոստիկանությունը միավորելու` ստեղծելով Ներքին գործերի նախարարություն: ՏԿԱԻՆ-ի պառակտվելուց հետո թեման փակվե՞ց, թե ամեն դեպքում կստեղծվի ՆԳՆ:
Եղել են նման խոսակցություններ, ես նորմալ եմ վերաբերում, վաղ թե ուշ պետք է լինի ներքին գործերի նախարարություն: Կլինի, բայց թե այսօր, վաղը, թե 2018 թվականին կամ հետո, չգիտեմ, բայց դա անպայման պետք է լինի:
Ինչո՞ւ անպայման պետք է լինի, դա ի՞նչ առավելություն ունի:
Դա կոորդինացնում է մի քանի ծառայություններ, որոնք կմիավորվեն ու կղեկավարվեն մի տեղից: Նորմալ է դա:
Օրինակ, ՆԳՆ-ի կազմում ավելի արդյունավե՞տ կաշխատի ոստիկանությունը, ի՞նչ կփոխվի հատկապես:
Ես չէի ասի` ավելի լավ կլինի, ուղղակի ես ընդհանուր պահանջն եմ ասում, որ շատ երկրներում այդպես է: Ես կարծում եմ` վաղ թե ուշ մեզ մոտ էլ դա կլինի:
Ձեզ տեսնո՞ւմ եք այդ գերատեսչության ղեկավարի պաշտոնում:
Չեմ կարող ասել, դա ինձանից կախված չէ, դա որոշում է երկրի նախագահը, ասեն` աշխատի, կաշխատեմ, չէ, կզբաղվեմ իմ դասախոսությամբ:
Պարբերաբար շրջանառվում են լուրեր, որ ձգտում եք ոստիկանապետի, նաեւ ստեղծվելիք ՆԳՆ ղեկավարի պաշտոնին:
Ոչ, Ճիշտ եմ ասում` ես նման նպատակ չունեմ: Ի՞նչ է տալիս դա ինձ` որպես ղեկավարի: Այսօր էլ ես ուժային կառույցի ղեկավար եմ, գերծանրաբեռնված եմ… Որ ձգտեմ ոստիկանության պետ լինել կամ ներքին գործերի նախարար, չէ: Եթե նշանակեն, կաշխատեմ:
Պարոն Երիցյան, երկար տարիներ աշխատել եք ոստիկանության համակարգում, զբաղեցրել փոխոստիկանապետի պաշտոնը, լավ գիտեք համակարգի եւ կրիմինալ աշխարհի փոխհարաբերությունները: Վերջին օրերին լրահոսը հեղեղված է ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի ելույթներով, որ կրիմինալի դեմ պատերազմ է հայտարարում: Ինչ եք կարծում, իրականում կհաջողվի՞ արդյունավետ իրականացնել այդ գործընթացը:
Կարծում եմ`հարցը պետք է ուղղել Վլադիմիր Գասպարյանին, եթե հայտարարություն է անում, ինքը գիտի իր պոտենցիալը, իր հնարավորությունները եւ կարող է այդ հարցին պատասխանել: Ոստիկանությունը միշտ էլ պայքարել է ու շարունակելու է պայքարել:
Բայց կհաջողվի՞…
Իհարկե:
Քաղաքական շրջանակներում կանխատեսումներ կան, որ բավականին դժվար իրավիճակ է լինելու ընտրությունների ժամանակ, շատերի քաղաքական ճակատագիրն անորոշ է: Ձեզ ի՞նչ է սպասվում, 2017-ից հետո, ո՞ր կուսակցության շարքերում եք լինելու, գործադիրո՞ւմ, խորհրդարանո՞ւմ:
Ես չեմ կարող ասել, ես ավելի պրակտիկ եմ, այսօր նախարար եմ, նախարարության առջեւ դրված խնդիրներն եմ կատարում, թե վաղը ինչ կլինի, կյանքը ցույց կտա:
ՕԵԿ-ից դուրս գալուց հետո այլ կուսակցություն անդամագրվելու առաջարկ դեռ չկա՞:
Ոչ , ոչ, ոչ…





























