Երեւանի ներառական կրթություն իրականացնող հանրակրթական դպրոցներին, մանկապարտեզներին, ինչպես նաեւ քաղաքապետարանին՝ սոցիալապես անապահով ընտանիքներին դիմելու դեպքում տրամադրելու համար, փոխանցվել է 154 նոր անվասայլակ:

Քաղաքապետարանից NEWS.am-ին հայտնում են, որ յուրաքանչյուր դպրոցի անհրաժեշտ քանակից բացի, տրամադրվել է նաեւ լրացուցիչ եւս մեկ սայլակ, որը կպահվի բուժկետերում՝ անհրաժեշտության դեպքում օգտագործելու համար:

Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը կարեւորել է հասարակական կազմակերպությունների հետ ակտիվ համագործակցությունը եւ նշել, որ այս ծրագիրը մաս է կազմում այն լայնածավալ ծրագրի, որն իրականացվում է համատեղ ուժերով:

«Այսօր Երեւանի հանրակրթական դպրոցներում ներառական կրթություն է ստանում ավելի քան 2000 աշակերտ: Եվս 100 երեխաների համար ներառական կրթություն է կազմակերպվում նաեւ մանկապարտեզներում: Շատ ընտանիքներ, որոնցում մեծանում են հենաշարժողական խնդիրներ ունեցող երեխաներ, հարմարավետ անվասայլակի կարիք, իսկապես, ունեն: Այս առումով քաղաքապետարանի ծրագրերը լինելու են շարունակական»,-նշել է Գայանե Սողոմոնյանը:

«Վորլդ Վիժն Հայաստանի» Երեւանի տարածքային ծրագրի ղեկավար Մարինա Հովհաննիսյանն իր հերթին նկատել է, որ Երեւանի քաղաքապետարանի հետ շուրջ 2 տարվա համագործակցության ընթացքում իրականացվել են բազմաբնույթ միջոցառումներ: