Կրթության ոլորտում հայ-գերմանական հարաբերությունները շոշափելի արդյունք են արձանագրել: Այս մասին, այսօր՝ մարտի 18-ին, ՀՀ-ում Գերմանիայի դեսպան Բերնհարդ Մաթիաս Քիսլերի հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀ կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը:

ԿԳՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ ողջունելով դեսպանին` նախարարը նշել է, որ կրթության ոլորտում հայ-գերմանական հարաբերությունները գրեթե բոլոր ուղղություններով շոշափելի արդյունք են արձանագրել: «Ուզում եմ շնորհակալություն հայտնել գերմանական կողմին` կրթության նկատմամբ ցուցաբերվող հոգատարության համար. Սաքսոնիա Անհալթ երկրամասի հետ կրթության ոլորտում համագործակցությունը տարիների պատմություն ունի եւ արձանագրել է կոնկրետ արդյունքներ»,-նշել է Լեւոն Մկրտչյանը:

Գերմանիայի դեսպան Բերնհարդ Մաթիաս Քիսլերի դիտարկմամբ` կրթությունը Հայաստանի ապագայի զարգացման համար կարեւորագույն նախապայման է, եւ այդ համատեքստում կարեւորել է Կրթության եւ գիտության նախարարության առաքելությունը: Նախարար Մկրտչյանը հանդես է եկել Հայաստանի մարզերից մեկում գերմանական կրթական կենտրոնի հիմնադրման առաջարկով` միաժամանակ մտահոգություն հայտնելով վերջին տարիներին գերմաներեն լեզվի տարածվածության խնդրի առնչությամբ:

Դեսպան Մաթիաս Քիսլերն իր խոսքում ընդունելի է համարել կրթական կենտրոն հիմնելու գաղափարը` ընդգծելով, որ այն ժամանակին քննարկվել է նաեւ երկու պետությունների նախագահների մակարդակով: Հանդիպման ընթացքում կողմերը կոնկրետ պայմանավորվածություն են ձեռք բերել կրթական կենտրոնի հայեցակարգի մշակման եւ նախագծի ներկայացման ուղղությամբ:

Դեսպանը շեշտել է Գերմանիայի ակադեմիական փոխանակման ծրագրի /DAAD/ 2015-2016 ուս. տարվա Գերմանիայից ժամանած քննական հանձնաժողովի արձանագրած այն կարծիքը, որ միջազգային մակարդակով կրթաթոշակային ծրագրի դիմորդների գիտական մակարդակը էապես բարձր է մնացած երկրների համեմատ:

Հանդիպման ընթացքում քննարկվել է նաեւ միջին մասնագիտական ոլորտում համագործակցության կարեւորությունը, ինչպես նաեւ անդրադարձ է եղել կրթական բոլոր մակարդակներում գերմաներենի տարածման արդյունավետության բարձրացման խնդրին: