Եվրոպայի խորհրդի Վենետիկի հանձնաժողովը չի առարկում Հայաստանում քվեարկածների ցուցակների հրապարակմանը: Այս մասին մարտի 18-ին ԱԺ ավանդական ճեպազրույցներում հայտնել է «Օրինաց երկիր» խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանը, մեկնաբանելով խմբակցության ներկայացուցիչների վերջին հանդիպումը Հանձնաժողովի փորձագետների հետ:

Նրա խոսքով, որեւէ այլ ձեւով հնարավոր չէ վերահսկել քվեաթերթիկների լցոնումը: Իսկ խոսակցություններն այն մասին, որ ցուցակների հրապարակումը խախտում է գաղտնի քվեարկությունը, իրավաչափ չեն: «Ընտրական գաղտնիքն այն թ, թե ում օգտին է նա քվեարկել: Իսկ քվեարկել է, թե ոչ՝ դա գաղտնիք չէ»,-շեշտել է Մարգարյանը: Նա մի քանի անգամ մեջբերել է Վենետիկի հանձնաժողովի անդամների կարծիքը՝ ցուցակների հրապարակումը հակաիրավական չէ ( Հայաստանի իշխանությունները հակառակն են պնդում): «Որոշ երկրներում դրանք հրապարակվում են: Օրինակ Բրիտանիայում: Կարծում եմ, որ դուք Բրիտանիային բավականաչափ ժողովրդավարական երկիր եք համարում: Այնպես որ պետք չէ ասել, որ դա կանոններին դեմ է»- կոչ է արել պատգամավորը:

«Վենետիկի հանձնաժողովի անդամները մի շարք ասիական ու լատինաամերիկյան երկրների օրինակներ են բերել, որտեղ հրաժարվել են ընտրողների էլեկտրոնային գրանցման համակարգից: Չէ՞ որ խնդիրների դեպքում համակարգչին չես կարող դատի տալ: Իսկ այդ երկրներում անվստահության նախադեպեր եղել են: Պետք է լինեն մարդիկ, որպեսզի բողոքարկման դեպքում իմանաս, թե ումից ինչ ես պահանջում: Ընտրողներին պետք է գրանցել միաժամանակ եւ՛ էլեկտրոնային համակարգով, եւ թղթի վրա», ասել է պատգամավորը: