Երեւանում եւ Հայաստանի ամբողջ տարածքում «Մոլորակի ժամ» համաշխարհային ակցիայի շրջանակներում վաղը` մարտի 19-ին, 1 ժամով`20.30-21:30, քաղաքացիները կանջատեն էլէկտրականությունը` իրենց ներդրումն ունենալով կլիմայի փոփոխության ազդեցության վրա: Այս տարի ակցիան կլինի ռեկորդային մասնակից երկրների (178 երկիր), այնպես էլ նախաձեռնությանը միացած Հայաստանի քաղաքների թիվը: Այս մասին այսօր` մարտի 18-ին, ասուլիսի ժամանակ հայտարարեց WWF Հայաստանի տնօրեն Կարեն Մանվելյանը:

«Ակցիայի նպատակն է մարդկանց ուշադրությունը հրավիրել բնապահպանական, էլեկտրախնայողոսւթյան խնդիրների վրա: Այսինքն` չօգտագործեն ավելորդ էլեկտրաէներգիա, եթե անհրաժեշտռություն չկա, օգտագործեն էլէկտրախնայող լամպեր, սարքավորումներ, եւ փորձեն այնպիսի փոխադրամիջոցներից, որոնք արտանետումներ չեն առաջացնում, ասենք`հեծանիվից»,- ասաց Կարեն Մանվելյանը:

«Մոլորակի ժամ» համաշխարհային նախաձեռնությանը Հայաստանն այս տարի մասնակցում է 8-րդ անգամ: Ինչպես Կարեն Մանվելյանը նշեց, տարեցտարի մեծանում է թե´ նախաձեռնության մասնակից կառույցների, գործընկերների թիվը, թե´ խնայվող էլէկտրաէներգիայի ծավալները:

«Եթե առաջին տարում մոտ 3-4 կառույց էին, այդ թվում` բնապահպանության եւ էներգետիկայի, ապա այս տարի միացել են թե´ պետական կառույցներ, 7 քաղաքների քաղաքապետարաններ, թե´ ՀԿ-ներ, թե հեծանվորդների ֆեդերացիան, դեսպանատներ»,- ասաց նա:

Կարեն Մանվելյանի խոսքով`օրեցօր ավելի ու ավելի տագնապալի հետեւանքներ ունեցող կլիմայի փոփոխությունների դեմ պայքարում կարեւոր է Երկիր մոլորակի բոլոր երկրների եւ բոլոր քաղքացիների ներդրումը:

«Պետք է մարդիկ հասկանան, որ եթե այսպես շարունակվի, երկրագունդը լուրջ խնդիրների առաջ կկանգնի: Այդ փոփոխություններն արդեն իսկ սկսվել են, մեր խնդիրն է պայքարել դրանց դեմ եւ նվազեցնել արտանետումները` այդ խնդիրների սրացումից խուսափելու համար»,- ասաց Կարեն Մանվելյանը:

Հիշեցնենք, որ «Մոլորակի ժամ» համաշխարհային ակցիան նախաձեռնել են Ավստրալիսյի բնության համաշխարհային հիմնադրամի գրասենյակի կողմից, առաջին անգամ իրականացվել է Սիդնեյ քաղաքում:  Հայաստանը ակցիային մասնակցում է 2009թ.-ից: