ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը տվյալներ է ներկայացրել այս գիշեր Հայաստանի տարածքում գրանցված ցրտահարությունների մասին:

Այսօր՝ մարտի 18-ի գիշերը գրանցված ցրտահարությունների հետեւանքները պարզելու նպատակով ծիրանենու այգիներում կատարված օպերատիվ ուսումնասիրությունների եւ նախնական  դիտարկումների արդյունքում արձանագրվել է հետեւյալ իրավիճակը:

Արարատի մարզ

Արարատի տարածաշրջան  -  նկատելի վնասներ չեն դիտվել, որոշ համայնքներում առկա է թույլ կամ մասնակի  վնասվածություն

Արտաշատի տարածաշրջան  - առկա է մասնակի վնասվածություն, առանձին համայնքներում` ուժեղ վնասվածություն

Մասիսի տարածաշրջան - մասնակի վնասվածություն, իսկ «Զվարթնոց» օդանավակայանին  հարակից համայնքներում՝ (ծիրանենին հիմնականում մշակվում է տնամերձ հողամասերում) ուժեղ վնասվածություն:

Արմավիրի մարզ

Էջմիածնի տարածաշրջան - ուժեղ վնասվածություն (ծիրանենին հիմնականում մշակվում է տնամերձ հողամասերում):

Արմավիրի տարածաշրջան  –  ուժեղ վնասվածություն:

Բաղրամյանի տարածաշրջանի ներքին հատվածներ – ուժեղ վնասվածություն:

Վայոց Ձորի մարզ

Եղեգնաձորի տարածաշրջան – Արենի գյուղում ուժեղ վնասվածություն, Ռինդում` մասնակի, մնացած համայնքներում՝ թույլ վնասվածություն:

Վայքի տարածաշրջան – հիմնականում վնասներ չեն գրանցվել:

Սյունիքի մարզ

Մեղրու տարածաշրջան – գրանցվել են դրական ջերմաստիճաններ, վնասներ չկան:

Տավուշի մարզ – էական վնասներ չեն արձանագրվել:

Ցրտահարության հետեւանքով ծիրանենու այգիների վնասվածության եւ բերքի կորուստների վերաբերյալ ամբողջական եւ առավել ճշգրիտ տեղեկություններ հնարավոր կլինի ստանալ մեկշաբաթյա ժամկետում:

Նկատի ունենալով, որ Արարատյան դաշտում, Տավուշի, Վայոց Ձորի եւ Սյունիքի հովտային գոտիներում մարտի 19-ի գիշերը օդում հնարավոր է -2-5 աստիճան, գետնի մակերեւույթին` -3-6 աստիճան ցուրտ, ուստի հետագա օրերի ընթացքում չի բացառվում իրավիճակի փոփոխություն, որի վերաբերյալ կտրվի լրացուցիչ տեղեկատվություն: