Կլիմայի փոփոխություններն արդեն իսկ իրենց բացասական հետեւանքներն են ունենում Հայաստանի բնակլիմայական պայմանների, գյուղատնտեսության եւ կյանքի մյուս ոլորտների վրա: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշել է WWF Հայաստանի տնօրեն Կարեն Մանվելյանը՝ հավելելով, որ այդ փոփոխությունների հետեւանքն են տարեցտարի ձյան պակասը, շուտ ձնհալը, հրդեհների վտանգի մեծացումը:
«Ձյունը քիչ է լինում, ջրամբարները չեն լցվում, չորության հետեւանքով անտառներն ավելի հեշտ են ենթարկվում հրդեհների: Նախորդ 2 տարիներին օգոստոս-սեպտեմբերին հրդեհների թիվը բավականին մեծ էր, քանի որ մի փոքր կայծը, կամ կայծակը հրդեհ էր առաջացնում»,- ասաց Կարեն Մանվելյանը:
Գլոբալ տաքացման եւ կլիմայական փոփոխությունների դեմ պայքարում կարեւորելով «Մոլորակի ժամ» համաշխարհային ակցիային Հայաստանի մասնակցությունը` Կարեն Մանվելյանը նշեց, որ այս տարի ակցիային մասնակցել է ոչ միայն Երեւանի քաղաքապետարանը, այլեւ եւս 7 քաղաքներ:
«Երեւանի քաղքապետարանն առաջին իսկ տարվանից` 2009թ-ից մասնակցում է ակցիային, այս տարի միացել են նաեւ Հրազդանը, Գյումրին, Ապարանը եւ այլ քաղաքներ, «Տապան» էկո ակումբը, ՄԱԿ-ի զարգացման գրասենյակը, միջազգային մի շարք կառույցներ »,- նշեց նա:
Կարեն Մանվելյանի խոսքով` «Մոլորակի ժամ» ակցիայի շրջանակներում 1 ժամով էլէկտրաէներգիայի անջատումը կլիմայական փոփոխությունների դեմ պայքարում լուրջ ազդեցություն չի կարող ունենալ, քանի դեռ մոլորակի յուրաքանչյուր բնակիչ չի գիտակցում եւ պատասխանատվություն չի կրում այդ փոփոխությունների համար:
«Այս ակցիան մարդկանց վերաբերմունքի եւ մտածելակերպի փոփոխությանն է ուղղված, որ իրազեկենք` մեր մոլորակն ունի այս խնդիրները, եթե մենք դրանք չլուծենք, ամեն ինչ շատ ավելի լուրջ կդառնա» նշեց նա:




























