Եթե լրատվամիջոցների ներկայացուցիչը փաստաթուղթ ներկայացնի այն մասին, որ ինքը որոշ ժամանակ աշխատել է այդ ոլորտում եւ եկամտահարկ է վճարել, ապա ընտրատեղամասում նրա գտնվելու կապակցությամբ սահմանափակումը կարող է եւ չգործել։ Այս մասին մարտի 18-ին՝ խորհրդարանում Ընտրական օրենսգրքի նախագծի շուրջ  լսումների ժամանակ, ասել է Կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Հարությունյանը։

Նրա խոսքով՝ նման առաջարկ է արել «Ազատ դեմոկրատներ» կուսակցության ղեկավար Խաչատուր Քոքոբելյանը։ Անդրադառնալով ԲՀԿ ղեկավար Նաիրա Զոհրաբյանի դիտարկմանը, որ ընտրատեղամասերում լրագրողների թվի սահմանափակումը պետք է առհասարակ հանվի, Հարությունյանը նշեց. «Խաչատուր Քոքոբելյանի առաջարկը բավական հետաքրքիր է, պետք է քննարկել եւ կարող է հարցի լուծում լինել։ Ես բաց եմ ցանկացած խելամիտ առաջարկ քննարկելու համար։ Դիտորդների թվի հարցով ես լուծում դեռ չեմ գտել»,- հավելել է Դավիթ Հարությունյանը։