Ընտրողները սիրում են այն պատգամավորներին, որոնք կարողանում են լուծել իրենց հարցերը: Այս մասին, այսօր՝ մարտի 18-ին, ԱԺ-ում ճեպազրույցների ժամանակ նշել է ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը՝ մեկնաբանելով նոր Ընտրական օրենսգրքով նախատեսված ընտրական տարածքներում բաց ցուցակների հարցը:
Նրա խոսքով, ճարտար պատգամավորները միշտ չէ, որ սիրելի են: Եթե նրանց կողքին դնես մեկին, որը հռետորական արվեստին չի տիրապետում, բայց անհրաժեշտության դեպքում կարող է օգնել իր ընտրողներին, ժողովուրդը 90 տոկոսի դեպքում կընտրի երկրորդին:
Բաղդասարյանը նշել է, որ հենց այդ պատճառով էլ չի կարելի բաց ցուցակները նախկին միամանդատ ընտրատարածքներից ընտրվածների համար պատուհան համարել, որոնք հիմնականում օրենսդրական գործունեությունից հեռու գործարարներ են եւ նրանց տեղն օրենսդիր մարմինը չէ:
«Ենթադրենք մեկն այնքան էլ խելացի ելույթներ չի կարողանում ունենալ, հազվադեպ է մոտենում խոսափողին, բայց ժողովուրդը դատում է նրա գործերով, գործերի համար էլ ընտրում է: Դա ժողովրդի կամքն է, եւ ով դրան արժանի է, նա էլ պատգամավորի մանդատ է ստանում»,-ասել է Բաղդասարյանը:
Հիշեցնենք, որ Օնտրական օրենսգրքի նախագծի համաձայն 41 միամանդատ ընտրատարածքների փոխարեն կլինի 13 ընտրական տարածք, որից 4-ը Երեւանում: Նրանցից յուրաքանչյուրում, բացի կուսակցությունների համապետական համասնական ցուցակներից, կլինեն նաեւ բաց տարածքային ցուցակներ՝ թեկնածուների անուններով: Ընտրողը կարող է ընտրել կամ կուսակցությանը, առանց որեւէ թեկնածուի ընտրելու, կամ ընտրել եւ կուսակցությունը եւ տվյալ կուսակցությունից կոնկրետ անձի:





























