«Թումո» կենտրոնին հողի հարկի գծով արտոնություն է տրվել: Երեւանի ավագանու մարտի 18-ին գումարված հերթական նիստում, որը վարել է Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, քննարկման է ներկայացվել մայրաքաղաքի Հալաբյան փողոցի հ.2 հասցեում Թումանյանի անվան զբոսայգու զբաղեցրած հողամասի մասով Սիմոնյան կրթական հիմնադրամին ընթացիկ տարվա համար հողի հարկի գծով  արտոնություն տրամադրելու մասին որոշման նախագիծը:

Որոշման ընդունման անհրաժեշտությունը հիմնավորվել է հիմնադրամի կողմից մինչ այժմ զբոսայգում մեծածավալ բարեկարգման, ինչպես նաեւ այգու  պահպանման  ուղղությամբ կատարված աշխատանքներով, որոնք շահույթ ստանալու նպատակ չեն հետապնդում, զբոսայգին էլ մշտապես պահվում է բարեկարգ եւ օգտագործվում է ըստ նշանակության:

Հաշվի առնելով վերը նշված հիմնավորումը, ինչպես նաեւ կարեւորելով տվյալ տարածքում Սիմոնյան կրթական հիմնադրամի «Թումո» կենտրոնի կողմից իրականացվող կրթական ծրագրերի դերն ու նշանակությունը, Երեւանի ավագանին ընդունել է որոշումը: