2007թ.-ին Սիդնեյում կազմակերպված «Մոլորակի ժամը» ակցիային մասնակցում էր 2 մլն մարդ, այս տարի համաշխարհային ակցիայի մասնակիցների թիվը կհասնի շուրջ 2 մլրդ-ի: Այս մասին այսօր` մարտի 18-ին, ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արմեն Վարդանյանը` նշելով, որ նախարարությունն արդեն 8-րդ տարին է ավանդաբար մասնակցում է Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) կողմից կազմակերպվող «Մոլորակի ժամը» ակցիային:

«Բնապահպանական նման ակցիաները հասարակության մոտ թարմ են պահում այն գիտակցումը, որ մոլորակը բոլորիս տունն է, եւ մեզնից բացի այստեղ ապրելու են մեր երեխաները, թոռները, ընդհանրապես հետագա սերունդները: Բնապահպանական խնդիրների լուծումը ե’ւ պետությունների, եւ հասարակական կազմակերպությունների, եւ տնտեսության ոլորտում գործունեություն ծավալողների, եւ հասարակության լայն շերտերի խնդիրն է` սկսած նախադպրոցական ուսումնական հաստատություններից` վերջացրած հասուն քաղքացիներով»,- նշեց Արմեն Վարդանյանը:

Նրա խոսքով` մոլորակի առջեւ ծառացած խնդիրների լուծման համար կարեւոր է բարձրացնել բնապահպանական խնդիրների հետ կապված հասարակության գիտակցության մակարդակը, ձեւավորել բնապահպանական աշխարհայացք, ինչին մեծապես նպաստում են նմանատիպ ակցիաները:

«Բնապահպանական խնդիրները համամարդկային հիմնահարց է, որի լուծումն առանց բոլորի ջանքերի ներդրման անհնար է»,- ասաց Արմեն Վարդանյանը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել է, որ Երեւանում եւ Հայաստանի ամբողջ տարածքում «Մոլորակի ժամ» համաշխարհային ակցիայի շրջանակներում վաղը` մարտի 19-ին, 1 ժամով`20.30-21:30, քաղաքացիները կանջատեն էլէկտրականությունը` իրենց ներդրումն ունենալով կլիմայի փոփոխության ազդեցության վրա: