Երեւանի Արին Բերդ փողոցում գտնվող «Աչաջուր» ռեստորանա-հյուրանոցային համալիրի տնօրեն Մարիամ Ամիրջանյանն ընդունում է, որ նպաստել է պոռնկությամբ զբաղվելուն:
Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր՝ մարտի 18-ին, Մարիամ Ամիրջանյանը միջնորդեց գործը քննել արագացված դատական կարգով:
«Աչաջուրի» տնօրենը, որը 2014 թվականի մարտից սեպտեմբերն ընկած ժամանակահատվածում մարմնավաճառությամբ զբաղվող մատուցողուհիներին 5.000-10.000 դրամով սենյակներ է տրամադրել, նշեց, որ անկեղծորեն զղջում է իր արարքի համար եւ ընդունում է մեղքը:
Դատարանը որոշեց, որ Մարիամ Ամիրջանյանի պատիժը ծանրացնող հանգամանքներ չկան, ընդհակառակը՝ մեղմացուցիչ հանգամանքներն ավելի շատ են. նա երիտասրադ է, նախկինում արատավորված չի եղել, խնամքի տակ 14-ամյա որդի եւ ծնողներ ունի, որոնք թեեւ թոշակառու չեն, բայց գործազուրկ են:
Այսպիսով, գործը քննվեց արագացված դատական կարգով: Դատարանը Մարիամ Ամիրջանյանին դատապարտեց 2 տարվա պայմանական ազատազրկման՝ նշանակելով փորձաշրջան:
Նշենք, որ Մարիամ Ամիրջանյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով: Նա, լինելով, Երեւան քաղաքի Արին Բերդ 13/1 եւ 13/3 հասցեում գործող «Աչաջուր» ռեստորանա-հյուրանոցային համալիրի փաստացի տնօրեն` գույքային օգուտ ստանալով նպաստել է երկու եւ ավելի անձանց պոռնկությամբ զբաղվելուն, ինչպես նաեւ նշված հաստատությունն օգտագործել է պոռնկությամբ զբաղվելու համար:




























