ՀՀ Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունից «Նաիրիտի» գործարանի նախկին երկու աշխատակցի մարտի 21-ին հրավիրել են նախարարություն՝ փոխնախարարի հետ հանդիպման: Այս մասին այսօր՝ մարտի 19-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Նաիրիտ» գործարանի նախկին աշխատակից Անահիտ Մանուկյանը: Նրա խոսքով, իրենք դեռ չգիտեն, թե ինչի համար են իրենց հրավիրել նախարարություն եւ ինչ հարցի շուրջ է լինելու քննարկումը, հնարավոր է՝ քննարկումը լինի «Նաիրիտում» առկա վիճակի ուսումնասիրման համար ստեղծված աշխատանքային խմբում «Նաիրիտի» աշխատակիցներին ընդգրկելու վարաբերյալ:
«Երեկ զանգել են իմ ամուսնուն եւ ասել, որ երկուշաբթի գնա նախարարություն՝ փոխնախարարաի հետ հանդիպման, ինչ-որ քննարկում է լինելու եւ հստակ չեն ասել, որ դա կապված է գործարանի հարցերով զբաղվող նորաստեղծ հանձնաժողովում նախկին աշխատակիցներից երկուսին ներառելու հետ: Հուսով ենք, որ դրա համար են կանչել»,-ասաց տիկին Անահիտը:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ՀՀ Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Լեւոն Յոլյանը մերժել է «Նաիրիտի» մի քանի տասնյակ նախկին աշխատակիցների պահանջը` կապված գործարանի հարցերով զբաղվող նորաստեղծ հանձնաժողովում նախկին աշխատակիցներից երկուսին ներառելու հետ:
«Նաիրիտի» մի քանի տասնյակ նախկին աշխատակիցներ մարտի 17-ին նամակով դիմել են ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Լեւոն Յոլյանին եւ պահանջել գործարանի հարցերով զբաղվող նորաստեղծ հանձնաժողովում ներառել նախկին աշխատակիցներից երկուսին:
Հիշեցնենք, որ ձեռնարկությունը չի աշխատում 2010թ. ապրիլից: ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարն ասել էր, որ եթե լինի պոտենցիալ ներդրող, պետությունը պատրաստ է սառեցնել պարտքերը եւ վերագործարկել «Նաիրիտ» գործարանը:




























