Այո, ԲՀԿ-ականների խնջույք եղել եւ այդպիսի խնջույքներ լինում են պարբերաբար: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է ԲՀԿ մամուլի խոսնակ Վանիկ Էլիզբարյանը՝ անդրադառնալով «Լճեր» ռեստորանային համալիրում ԲՀԿ-ականների խնջույքի մասին տեղեկատվությանը:
«Այո, նման խնջույք եղել է, այդպիսի խնջույքներ լինում են պարբերաբար: Նշեմ, որ ԲՀԿ խմբակցության պատգամավորները նաեւ ընկերներ են եւ զարմանում եմ, որ մամուլը զարմանում է, որ կարող են աշխատանքից հետո ԲՀԿ ներկայացուցիչները նման հանդիպումներ ունենալ»,- նշել է խոսնակը:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ «Հրապարակ» թերթի փոխանցմամբ, նախորդ օրը քաղաքաշինության նախկին նախարար, ԲՀԿ-ական Վարդան Վարդանյանին պատկանող «Լճեր» «օբյեկտում» ԲՀԿ-ն իր վերակազմավորման առիթով «մի կտոր տոնական հաց է կերել», որին մասնակցել են բոլոր ԲՀԿ-ականները, բացի Աբրահամ Մանուկյանից եւ Միքայել Մելքումյանից։ Ըստ ԲՀԿ մեր աղբյուրների՝ Մանուկյանին նույնպես հրավեր ուղարկվել է, սակայն վերջինս պատճառաբանել է, թե գտնվում Մոսկվայում եւ «տոնական նիստին» չի կարող մասնակցել։ Միքայել Մելքումյանի բացակայությունն էլ հարգելի է եղել, նա մեկնել է Անթալիա՝ մասնակցելու Եվրոպայի պահպանողականների եւ ռեֆորմիստների կուսակցության համաժողովին։
Ի դեպ, խնջույքի թամադան եղել է Վարդան Բոստանջյանը, որին առանցքային դերակատարություն է վստահվել ոչ միայն տրիբուն լինելու, այլեւ առաջիկայում համամասնական ցուցակում առանցքային տեղ հատկացվելու միտումով, ի տարբերություն նախորդ անգամվա։
ԲՀԿ-ի համար առանցքային է դարձել նաեւ Գրիգոր Գրիգորյանը՝ ոչ անհայտ Շերիֆը, որն սկսել է կենտրոնական գրասենյակում մոդերացիա իրականացնել։ ԲՀԿ-ում որոշել են «նման» հանդիպումները պերմանենտ դարձնել, հաջորդը Երնջատափում է տեղի ունենալու՝ Վովա Խաչատրյանի տանը, որտեղ վերջին քեֆի ժամանակ խորոված անողներն այրվածքներ ստացան։ «Վայ թե Կարեն Ավագյանին էլ տանենք, որպեսզի ֆեյերվերկը կատարյալ լհնի»,– կատակեց մեր զրուցակիցը»:




























