Սիրողական հեծանվասպորտի եւ հեծանվային զբոսաշրջության ֆեդերացիայի նախաձեռնությամբ այսօր` մարտի 19-ին, ժամը 20.30-ից սկսած շուրջ 200 հեծանվորդներ հեծանվարշավ կսկսեն Մաշտոցի պուրակից` շարժվելով Երեւանի կենտրոնական փողոցներով:  Ֆեդերացիայի նախագահ Արման Անտոնյանն ասում, որ սրանով Հայաստանի բազմաթիվ հեծանվորդներ իրենց մասնակցությունն են ցուցաբերում   «Մոլորակի ժամ» համաշխարհային ակցիային:

«Գոյության 4 տարիների ընթացքում ֆեդերացիան ջանք չի խնայել տարբեր նախագծերի միջոցով Հայաստանում հեծանվասպորտը զարգացնելու համար: Միանալով «Մոլորակի ժամ» համաշխարհային ակցիային` մենք նպատակ «գովազդել» հեծանիվը` որպես էկոլոգիապես տրանսպորտային միջոց»,- ասաց Արման Անտոնյան:

Սիրողական հեծանվասպորտի եւ հեծանվային զբոսաշրջության ֆեդերացիայի փոխնախագահ Էրիկ Անթառանյանը նշեց, որ հեծանվարշավին իրենց երկրների դրոշներով կմասնակցեն բազմաթիվ դեսպաններ, դիվանագետներ եւ հյուպատոսներ:

«Ընկերական հանդիպումներից մեկի ժամանակ զրուցում էի Լիտվայի արտակարգ եւ լիազոր դեսպանի հետ, լսելով  մեր նախաձեռնության մասին, անմիջապես միացավ գործին եւ հրավիրեց ամբողջ դիվանագիտական կորպուսին` մասնակցելու: Հետագայում միացան նաեւ հյուպատոսներ, այլ դեսպաններ, արտաքին գործերի նախարարի երկու տեղակալները եւ  նախարարի մամուլի խոսնակը, եւ այլ պաշշտոնատար անձինք»,- ասաց Էրիկ Անթառանյանը:

Հեծանվարշավն անցկացվելու է «Մեկ մեքենայով պակաս» խորագրի ներքո:

«Ես ամեն օր նայում եմ իմ հեծանիվի վրա գրված արտահայտությանը` «Մեկ մեքենայով պակաս», կանգնեցնում եմ մեքենաս, հանում հեծանիվս ու սկսում կենտրոնում հեծանիվ վարել»,- նշեց Էրիկ Անթառանյանը:

Սիրողական հեծանվասպորտի եւ հեծանվային զբոսաշրջության ֆեդերացիան բոլորին հրավիրում է իրենց հեծանիվներով մասնակիցը դառնալ ժամը 20.30-ից Մաշտոցի պուրակից մեկնարկող հեծանվարշավին: