Սյունիքի մարզում մուֆլոնի եւ քարայծի որսագողության փաստ է արձանագրվել:

Մարտի 17-ին syunikonline.am կայքը հրապարակել է «Վայրի կենդանիների սպանդ» վերնագրով նյութ, որտեղ տեղադրված էին որսագողության կադրեր՝ ՀՀ Կարմիր գրքում գրանցված մուֆլոնի եւ քարայծի լուսանկարներով: Տեղեկատվությունը կայքին տրամադրել է Կապանի Օրհուս բնապահպանական տեղեկատվական կենտրոնի համակարգող Աշոտ Ավագյանը:

«Սարսափելի այս կադրերը, հավանաբար, որսագողության տիպիկ օրինակներ են: Չնայած տարածքները դեռ ճշգրտվում են, սակայն Աշոտ Ավագյանի տեղեկացմամբ՝ ամենայն հավանականությամբ, մուֆլոնը գտնվել է  «Զանգեզուր» պետական  արգելավայրի տարածքում, քարայծը՝ «Արեւիկ» ազգային պարկում», - նշված է  կայքում: Աշոտ Ավագյանի փոխանցմամբ՝ լուսանկարները տրամադրվել են ՀՀ բնապահպանության նախարարության Սյունիքի մարզային տեսչությանը եւ «Զանգեզուր կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ին:

ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից «ԷկոԼուրին» հայտնել են, որ ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության Սյունիքի տարածքային բաժնի եւ Զանգեզուր կենսոլորտային համալիր ՊՈԱԿ-ի կողմից իրավապահ մարմիններին ուղարկվել են պաշտոնական գրություններ՝ լուսանկարներում պատկերված տեղանքը եւ փաստը ճշտելու եւ որսագողության փաստը հաստատվելու դեպքում բնության հասցված վնասը հաշվարկելու համար: